Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին է մեղադրել երկրում բողոքի ցույցեր կազմակերպելու համար
2 րոպեի ընթերցում

Իսրայելը և ԱՄՆ-ն են պատասխանատու Իրանում լայնածավալ անկարգությունների համար, ասվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հայտարարության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
«Թեև վերջին օրերի հուզումները սկսվեցին տնտեսական անկայունության դեմ բողոքի ցույցերով, սիոնիստական թշնամին (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) դրանք ուղղորդել է երկրում իրադրության ապակայունացմանը: (Խմբ.՝ ԱՄՆ նախագահ) Թրամփի վերջին հայտարարությունները միայն հաստատում են երկու վարչակարգերի դավադրությունը, որոնք ձգտում են խաթարել իրանցի ժողովրդի կյանքի հիմքերը: Իրանի ժողովուրդն արդեն մեկ անգամ ցույց տվեց իր համախմբվածությունը (խմբ.՝ Իսրայելի դեմ) 12-օրյա պատերազմում՝ թշնամուն ստիպելով ընդունել ռազմավարական պարտությունը: Այսօր այդ նույն միասնությամբ մենք կխափանենք նրանց բոլոր կործանարար ծրագրերը», - մեջբերում է հայտարարության տեքստն Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Իրանում անկարգություններով, և երկրի բնակչությանը միասնության կոչ է արել։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Հաղորդվել է զոհերի մասին թե՛ ուժայինների, թե՛ ցուցարարների շրջանում: Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 34-ից 45-ի։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Ցույցերի ֆոնին սահմանափակվել է ինտերնետի հասանելիությունը։