Հայաստանում չի եղել ընտանիք, որից ՀԷՑ-ը փող չի գողացել․ Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների պատճառը համարում է նախորդ շրջանում ՀԷՑ-ի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելն ու սխալ կառավարումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Այն գործընթացները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունքն են, որ ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի մարզային բնակավայրերում: Եվ 6 ամսվա ընթացքի պրոցեսները, եթե տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավելի, և ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելը արդարացված որոշում է եղել, որը կարող են պաշտպանել տարբեր ատյաններում:
«Ռոմանոս Պետրոսյանի, իր գործընկերների և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,- ասաց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։
2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։
Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու որոշում ընդունեց։
ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։