Երբ պատմությունը դառնում է ներքին հարցադրում. Անժել Բոդաերթ Դևլեթյանի պատմությունը

11 րոպեի ընթերցում

Անժել Բոդաերթ Դևլեթյանի համար արմատները պարզապես ծագում չեն, այլ՝ գիտակցության արթնացում։ Դեռ վաղ տարիքից ընտանեկան ժառանգությունը նրա մեջ ձևավորել է պատմական խոր զգացողություն և հետաքրքրասիրություն՝ հասկանալու այն անտեսանելի ուժերը, որոնք մարդուն մղում են դեպի բարին կամ չարը։ Lուռ, բայց մշտական հարցադրումն ուղեկցում է նրա անձնական և ստեղծագործական ուղին. rեստավրացիայի արվեստի, գույների և հիշողության միջոցով Անժել Դևլեթյանը ուսումնասիրում է փոխանցման ու կորստի նուրբ սահմանը՝ հարցադրելով ինքնության տեղը մշտապես փոփոխվող աշխարհում։

«Բելգիայի հայտնի հայերը» նախագծի շրջանակներում Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում նա անդրադարձել է իր ընտանիքի պատմությանը, արվեստը որպես ինքնության պահպանման ձև ընկալելու իր հայացքին և հայկական արմատներին։

– Ինչպե՞ս Ձեր ընտանիքը հասավ Բելգիա և արդյոք ցեղասպանությունից մազապուրծ եղածների շարքերում է:

– Մեր ընտանիքի Ֆրանսիա հասնելու և ցեղասպանությունից փրկվելու հարցում առանցքային դեր է ունեցել իմ մեծ հորեղբայրներից մեկը։ Նա նկարիչ էր, ինչը բավական հետաքրքիր է՝ հաշվի առնելով մեր ընտանեկան պատմությունը։ Նա շատ լավ էր նկարում և դեռևս Հայաստանում նկատվել էր մի խմբի կողմից, որի անունը, ցավոք, այլևս հստակ չեմ հիշում։

Ֆրանսիացի ճարտարապետները, որոնք զբաղվում էին Փարիզի Մեծ մզկիթի կառուցմամբ, փնտրում էին մեկին, ով կարող էր վերարտադրել որոշ դեկորատիվ տարրեր։ Զարմանալի զուգադիպությամբ նրանք հանդիպել էին իմ մեծ հորեղբորը, որը այդ ժամանակ դեռ շատ երիտասարդ էր։ Հայրը նույնիսկ խաբել էր նրա տարիքի հարցում, որպեսզի նա կարողանար ուղեկցել ճարտարապետներին նկարեր։

Մինչ օրս Փարիզի Մեծ մզկիթում կարելի է տեսնել նրա ձեռքով կատարված կալիգրաֆիաներն ու դեկորները։ Նրա անունը Արամ Տերզյան էր՝ Փարիզի գեղարվեստական շրջանակներում բավական հայտնի անուն։  Հետագայում շատ է աշխատել իր եղբոր և մի շարք ֆրանսիացի ճարտարապետների հետ։

Նրա շնորհիվ դեռ շատ երիտասարդ տարիքում արդեն գոյություն ունեին կապեր Ֆրանսիայի հետ, ինչը հնարավորություն տվեց 1921 թվականին՝ ցեղասպանությունից հետո, ամբողջ ընտանիքին տեղափոխել այնտեղ։ Նրա քույրը՝ իմ տատիկը, ամուսնացած էր մի տղամարդու հետ, որի ազգանունը փոխվել էր՝ ավելի աննկատ մնալու համար։ Նրանք ամուսնացել էին Հայաստանում, ապա հասել Մարսել և այնտեղից տեղափոխվել Փարիզ։

Հայրս ծնվել է Փարիզում, երբեք չի տեսել Հայաստանը։ Մեծացել է Ֆրանսիայում և իրեն լիովին ֆրանսիացի էր զգում։ Ընտանիքի միակ երեխա էր։ Կային զարմիկներ և զարմուհիներ, սակայն, ցավոք, մենք կորցրել ենք նրանց հետքը․ Արամը և նրա կինը մահացել էին ավտովթարից։ Այդ պատճառով մենք երբեք իսկապես չենք ճանաչել ընտանիքի այդ ճյուղը։

Տատիկս ու պապիկս երկուսն էլ հայ էին։ Մայրս բելգիացի է։ Ծնողներս սկզբում ապրել են Փարիզում, ապա, եղբորս ծնվելուց հետո, տեղափոխվել են Բելգիա։ Հայրս աշխատել է որպես նկարիչ և գրաֆիկ դիզայներ։ Ընտանիքում բոլորը նկարում էին։

– Այսպե՞ս է մասնագիտությունը փոխանցվել ձեզ։

– Այո՛։

– Դուք հաճախ եք նշել, որ հայկական համայնքի հետ շատ սերտ կապ չեք ունեցել, քանի որ Ձեր հայրը նախընտրել է ինտեգրումը։ Այդ պայմաններում ինչպե՞ս էիք պահպանում ձեր հայկական արմատները։

– Մենք, ամեն դեպքում, տարին մեկ կամ երկու անգամ գնում էինք Բրյուսելի հայկական մշակութային կենտրոն։ Հիշում եմ եկեղեցական արարողությունները, հատկապես՝ Զատկի պատարագները։ Հայրս քիչ էր խոսում անցյալի մասին, բայց միշտ կրկնում էր մեկ բան՝ պետք է կարդալ։

Ես շատ եմ կարդացել Հայաստանի պատմության, ցեղասպանության, ինչպես նաև արվեստի պատմության մասին։ Կար նաև խոհանոցը․ մայրս հայ տատիկիցս սովորել էր մի քանի հայկական ուտեստներ։ Շատ էի սիրում հայկական խոհանոցը և հաճախ էի պատրաստում հորս հետ։ Այդպես էլ տեղի ունեցավ փոխանցումը։

– Կա՞ գույն, նյութ, զգացում կամ ընտանեկան հիշողություն, որը մարմնավորում է Ձեր ինքնության այդ հայկական մասը։ Ձեր հայրը նույնպես նկարիչ էր, Դուք շատ եք տեսել նրան աշխատելիս։ Կա՞ մի բան, որն այսօր Ձեր աշխատանքում արտահայտվում է այնպես, որ երբեմն մտածում եք՝ ահա սա է իմ ինքնությունը։

– Առաջին հերթին՝ գույներն ու զարդանախշերը։ Ես դրանց նկատմամբ շատ զգայուն եմ։ Ունեմ մի քանի գրքեր՝ նվիրված հայկական զարդանախշերին՝ եկեղեցիների, քանդակային, դեկորատիվ մոտիվներին, և երբեմն դրանք օգտագործում եմ իմ աշխատանքում՝ հատկապես դեկորներում։ Հիմա դրանք ձեռքի տակ չունեմ, բայց իմ տեսողական աշխարհի մասն են։

Երբ, օրինակ, աշխատում էի Devos ռեստորանի դեկորի վրա, որտեղ մեծ ափսեների վրա պատկերված էին խոհանոցային բաղադրիչներ՝ ես ստորագրեցի նռան պատկերով ։ Կան նման խորհրդանիշներ, որոնք ինքնաբերաբար են գալիս։

Ես սիրում եմ դեկորները, գծերը, շատ ուժեղ ու վառ գույները։ Կարծում եմ՝ այստեղ կա կապ Հայաստանի հետ, նույնիսկ, եթե այն միշտ գիտակցված չէ։ Բայց այն, ինչն ինձ անմիջականորեն կապում է հայկականության հետ՝ խոհանոցն է․ դա ամենաուղիղ և ամենահայտնի կապն է ինձ համար։

– Ինչպե՞ս կբնութագրեք այսօր Ձեր հայկական ինքնությունը։

– Կասեի՝ դա հետաքրքրասիրության և հիասթափության խառնուրդ է։ Լեզուն չիմանալը նշանակում է, որ շատ հարցերում բացթողում եմ ունենում։ Ես կարդում եմ ֆրանսերեն կամ անգլերեն, բայց երկիրը իսկապես ճանաչելու համար պետք է իմանալ նրա լեզուն։

2015 թվականին ընտանիքով այցելեցինք Հայաստան։ Բնապատկերները ինձ վրա խորապես ազդեցին։ Ես միշտ սիրել եմ բնապատկերները, հատկապես՝ Ֆրանսիայի հարավի, և այնտեղ գտա որոշ նմանություններ։

Բայց այդ հայկականությունը կիսելը հեշտ չէր։ Հորս մահից հետո կապը թուլացավ։ Վերջերս՝ Belgahay-ում հրապարակված հարցազրույցի և Facebook-ի միջոցով, մեր ընտանիքի մի մասը՝ Արամի թոռները, մեզ գտան։ Նրանք ճանաչեցին լուսանկարները։ Դա շատ հուզիչ էր, թեև շատ ժամանակ կա լրացնելու։

– Կարո՞ղ է ինքնությունը գոյություն ունենալ առանց համայնքի՝ միայն ընտանեկան շրջանակում։

– Այո՛, բայց դա շատ փխրուն է։ Ես կիսով չափ հայ եմ, իսկ երեխաներս՝ միայն մեկ քառորդով։ Երբեմն նրանք շատ են ընդգծում դա, երբեմն՝ շատ հեռու են պահում։ Նրանք չեն խոսում հայերեն, չեն հաճախել հայկական պարերի դասերի, չեն մեծացել հայ ընկերների շրջապատում։

Նրանք դա պահում են իրենց մեջ։ Դա գեղեցիկ է, բայց փխրուն։ Չգիտեմ՝ արդյոք այն կփոխանցվի հաջորդ սերունդներին։

Իմ հայկական արմատների շնորհիվ ես շատ վաղ հասակում ձեռք բերեցի պատմական գիտակցություն և հետաքրքրասիրություն՝ հասկանալու, թե ինչն է մարդուն մղում դեպի բարիքը կամ չարը։ Դա մի անդադար հնչող հարց է, որը, կարծում եմ, խորապես արմատավորված է շատերիս գիտակցության մեջ։

– Ձեր ռեստավրատորի մասնագիտությունը արդյոք կապված է այս փխրուն փոխանցման հետ։

– Այո՛, ամբողջությամբ։ Վերականգնել, նշանակում է նոր կյանք տալ հետքերին։ Ես կուզեի, որ այս ավանդական տեխնիկաները չկորչեն, ինչպես չեմ ուզում, որ իմ արմատներն էլ կորչեն։

Ես ուսումնասիրել եմ արվեստի պատմություն, ճարտարապետություն, դեկոր։ Հետո Բրյուսելում հայտնաբերեցի մի դեկորի դպրոց, որը հիմնադրվել է 1892 թվականին։ Իմ ուսուցիչը դպրոցի հիմնադրի թոռն էր։ 19-րդ դարի տեխնիկաները դեռ գոյություն ունեին։ Դա հրաշալի էր։

Ցավոք, այս մասնագիտությունը վերացման եզրին է։ Առանց փոխանցման՝ այն կարող է անհետանալ։

– 2015 թվականի Ձեր առաջին այցը Հայաստան ազդե՞ց ձեր գեղարվեստական ու անձնական հայացքի վրա։

– Այո՛, խորապես։ Մեզ ուղեկցում էին հայ ընկերներ՝ երաժիշտներ, որոնք օգնեցին շփվել երկրի մշակույթի հետ։ Մենք այցելեցինք ավերված եկեղեցիներ, տեսանք բազում որմնանկարներ, հին դեկորներ։

Այն ճարտարապետությունը, որը գիտեի գրքերից, ամբողջովին այլ կերպ ընկալվեց։ Երաժշտությունը, եկեղեցական արարողությունները, մթնոլորտը շատ հուզիչ էին։ Կա մի հարազատություն, որը դժվար է բացատրել։

– Կցանկանա՞ք մասնակցել Հայաստանում որևէ ռեստավրացիայի նախագծի։

– Այո՛, եթե նման հնարավորություն լինի։ Ես փորձում եմ սովորել հայերեն, որովհետև լեզուն չիմանալը սահմանափակում է։ Բացի այդ, հայկական դեկորները շատ ավելի հին են, քան այն, ինչ ես սովորաբար վերականգնում եմ․ դրանք այլ տեխնիկա են պահանջում։

– Ո՞ր վերականգնումն է Ձեզ այսօր ամենից շատ հպարտություն պատճառում։

– Բրյուսելի Սեն-Յուբերի գալերեաները։ Դրանք վերականգնվել են օրինակելի խստությամբ՝ թե՛ պատմական, թե՛ տեխնիկական առումով։ Ցավոք, ներկայումս պահպանության բացակայությունը ինձ շատ է հիասթափեցնում։

Բելգիայում հաճախ վերականգնում են շատ ուշ, երբ այլ ելք չկա։ Առանց կանոնավոր խնամքի՝ ամեն 30 տարին մեկ ամեն ինչ պետք է սկսել նորից։ Դա տխուր է։

– Այսօր «Դևլեթյան» ազգանունով ստորագրելը ի՞նչ է նշանակում ձեզ համար։

– Սկզբում ես դա չէի անում։ Դա համեմատաբար նոր է։ Աղջիկս, որը աշխատում է ինձ հետ, ասաց՝ պետք է ստորագրես։

Հավանաբար, դա վերադարձ է արմատներին։ Ուրախ եմ, որ երեխաներս և քրոջս երեխաները ցանկանում են կենդանի պահել այս անունը։ Իմ մի զարմուհին կինո է ուսումնասիրում և ցանկանում է գնալ Հայաստան՝ այնտեղ ֆիլմ նկարելու։ Դա շատ է հուզում ինձ։

Հայերեն Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում