Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում գտնվող ապօրինի ծագում ունեցող բնակարան, ավտոկայանատեղի, 207 միլիոն դրամ
2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից:
Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝
- Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարան, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 միլիոն դրամ
- Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 78/100-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ
- Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 824/1000-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ
- Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 105 միլիոն դրամ
- 207 միլիոն 452 հազար դրամ, որը պետք է բռնագանձվի Սերոբ Հարությունյանի անվամբ գրանցված, ինչպես նաև փաստացի նրան պատկանող գույքերի հաշվին:
Բռնագանձումը տեղի կունենա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:
Կարդացեք հոդվածը` العربية