Մոսկվան անիրատեսական է համարում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Բրյուսելի ու Լոնդոնի պահանջները
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան անիրատեսական պահանջներ են ներկայացնում ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Կիրիլ Դմիտրիևի խոսքերը։
«Ռուսաստանը ներկայացրել է խաղաղության պայմաններ, որոնք իրականում աշխատում են։ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի խուճապահար պատերազմ հրահրողները անիրատեսական պահանջներ են ներկայացնում՝ ոչ թե պատերազմը դադարեցնելու, այլ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը խափանելու համար», - նշել է Դմիտրիևը։
Ֆլորիդայում դեկտեմբերի 28-ին կայացած հանդիպման ժամանակ Թրամփը և Զելենսկին քննարկել են 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը: Կողմերը նշել են առաջընթացի մասին, սակայն նաև արձանագրել են, որ կան խնդրահարույց հարցեր: Խոսքն, այդ թվում, տարածքային զիջումների մասին է։ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան կստանձնի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մեծ մասը, բայց ԱՄՆ-ն անպայման կօգնի։ Հանդիպումից հետո Զելենսկին պնդել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև անվտանգության երաշխիքների շուրջ 100%-ով համաձայնություն է ձեռք բերվել։ Երկկողմ բանակցություններից հետո Թրամփը և Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել եվրոպացի առաջնորդների հետ։ Զելենսկու հետ հանդիպումից առաջ Թրամփը հայտնել է, որ լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ուկրաինական կողմը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Դոնբասից։