Դատախազը դատարան է հանձնել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տնօրենի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

5 րոպեի ընթերցում

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին իրավասու դատարան է հանձնել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ինստիտուտ) տնօրեն Խ.Մ.-ի և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն, 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35 հազար 700 լիտր բենզին: Այնուհետև, Խ.Մ.-ն Ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների և տեղական գործուղումների իրականացման պատրվակով, փոխտնօրենի և վարորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել. աշխատակիցները գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կատարելու կամ ինստիտուտի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վայրեր մեկնել են սեփական միջոցներով»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով Խ.Մ.-ն հափշտակել է իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս:

Քրեական վարույթից բացի, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում՝

Հայցադիմում է ներկայացրել դատարան՝ Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով: Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խ.Մ.-ի հայրը՝ Ս.Մ.-ն, ով մինչև Խ.Մ.-ի կողմից Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար դառնալը եղել է նույն Ինստիտուտի տնօրենը, 2003 թվականին Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքն ապօրինի մասնավորեցրել է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ ՀՍՍՀ մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ Ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող 6 հա մակերեսով հողատարածքը: Կառավարության 2003 թվականի մարտի 20-ի որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման նախարարությանը թույլատրվել է Ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (1 շենք՝ 296 քմ ընդհանուր մակերեսով, 3 ենթակառուցվածք՝ ընդհանուր 188,1 քմ ընդհանուր մակերեսով) վաճառել մրցույթով: 2003 թվականի օգոստոսի 12-ին անցկացվել է մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել Ս.Մ.-ն և Է.Մ.-ն: Շենքի և ենթակառուցվածքների մրցույթով վաճառքի նվազագույն գին է սահմանվել 2 միլիոն 350 հազար դրամը: Ս.Մ.-ն առաջարկել է գնման համար 2 միլիոն 500 հազար դրամ, 1 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ գիտական անձնակազմի պահպանում: Մրցույթի մյուս մասնակիցն առաջարկել է գնման համար 2 միլիոն 700 հազար դրամ, 5 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ 2 տարվա ընթացքում 8 նոր աշխատատեղի ստեղծում:

Դատախազության ուսումնասիրության արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որով պարզվել է, որ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մրցութային կարգի խախտմամբ հաղթող է ճանաչվել Ս.Մ.-ն:

Պարզվել է, որ 2004 թվականի ապրիլի 30-ին Ս.Մ.-ն Դիլիջան քաղաքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 62,67 քմ մակերեսով անշարժ գույքն առուվաճառքի պայմանագրով օտարել է Ա.Չ.-ին՝ 416 հազար դրամով, իսկ 2008 թվականի մարտի 31-ին, նույն անշարժ գույքն օտարվել է Ս.Մ.-ի որդուն՝ Խ.Մ.-ին: Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի գրության համաձայն՝ 3000 քմ, 2000 քմ և 1000 քմ մակերեսով հողամասերը, որոնք ընդգրկված են «Հատուկ պահպանվող տարածքների հողեր»-ի կազմում և տրամադրված են Ինստիտուտին, անվանակոչվել են «Դարման» հանգստի գոտու, իսկ շինություններն օգտագործվել են որպես հանգստյան տներ:

Ս.Մ.-ի կողմից վերոնշյալ գույքն օրենքի խախտմամբ օտարելու հիմքով՝ Դատախազության կողմից նոր հայց է ներկայացվել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ 2003 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագիրը լուծելու և որպես հետևանք՝ Ս.Մ.-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում