Բարձր տեխնոլոգիաներ

Կառավարությունը հաստատեց ԱԲ ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց ԱԲ ոլորտում բարձր հաշվարկային ռեսուրսների հասանելիության փորձնական ծրագիրը՝ AWS-ի հետ համագործակցությամբ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում հաստատեց արհեստական բանականության ոլորտում բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներին հասանելիության ապահովման պետական աջակցության փորձնական ծրագիրը, որը կիրականացվի ամերիկյան խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Amazon Web Services (AWS) ընկերության հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շրջանակում։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն՝ ընդգծելով, որ այս ծրագիրը գալիս է լրացնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության փաթեթը։
 
«Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն առանձին նախաձեռնությունների խթանմանը, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի կայուն և երկարաժամկետ զարգացմանը՝ համահունչ ոլորտի պետական աջակցության քաղաքականությանը»,- գրել է նախարարը։ 
 
Գրառման մեջ ընդգծվում է, որ արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ՝ աջակցելով տեխնոլոգիական ընկերություններին և հետազոտողներին գիտահետազոտական գործունեության և արտադրանքի մշակման ամբողջ գործընթացում։ Փորձնական ծրագրի շրջանակում Վիրտուալ ինստիտուտը կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար:
 
Ծրագիրը կիրականացվի AWS ընկերությանը սուբսիդիա տրամադրելու եղանակով, որի շրջանակում ընտրված սահմանափակ շահառուների կողմից փաստացի օգտագործված հաշվողական ռեսուրսների արժեքը կսուբսիդավորվի 100 տոկոսով։ Բացի այդ, AWS-ը կտրամադրի տեխնիկական փորձագիտական աջակցություն՝ ներգրավելով AWS լուծումների ճարտարապետներին և առաջատար միջազգային փորձը։ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին աջակցում են նաև միջազգային գործընկերներ Mistral AI և Plug and Play ընկերությունները` նպաստելով նախաձեռնության նորարարական և համագործակցային բաղադրիչի ամրապնդմանը։
 
Հայտերի ընդունման գրանցումը կմեկնարկի դեկտեմբերի 29-ին՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի հարթակում՝ ai.gov.am:
Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում