Ռուսաստան

ՌԴ-ն ուկրաինական շուրջ 170 ԱԹՍ է խոցել, Ուկրաինան հայտնել է Զապորոժիեում 2 վիրավորի մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ուկրաինական շուրջ 170 ԱԹՍ է խոցել, Ուկրաինան հայտնել է Զապորոժիեում 2 վիրավորի մասին

Մոսկվան և Կիևը գիշերը շարունակել են փոխադարձ հարվածները։ Ուկրաինան ՌԴ-ի ուղղությամբ արձակել է շուրջ 170 անօդաչու թռչող սարք, ռուսական հարվածներից Ուկրաինայում կան վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում ուկրաինական 172 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ 

Հայտարարության համաձայն՝ Բրյանսկի մարզում խոցվել է 110 ԱԹՍ։ Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը նշել է, որ զոհեր կամ ավերածություններ չկան։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել մայրաքաղաքի վրա չորրորդ ԱԹՍ-ի հարձակումը։

Միևնույն ժամանակ, «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչը հայտնել է, որ «Վնուկովո» օդանավակայանը սահմանափակումներ է մտցրել. չվերթերն ընդունվում և ուղարկվում են «համապատասխան մարմինների հետ համաձայնության դեպքում»։

Տուլայի մարզում խոցվել է 12 ուկրաինական ԱԹՍ, ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։ 

Ուկրաինական կողմն էլ հաղորդել է գիշերը Զապորոժիեի մարզի ուղղությամբ ռուսական հարձակման մասին։ Երկու մարդ վիրավորվել է։ Վնասվել է առնվազն 13 բնակելի շենք, այրվել են ավտոտնակներ և մեքենաներ։ 

Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։  

Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականները նահանջել են Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքից՝ զինծառայողների «կյանքի պահպանման և ստորաբաժանումների մարտունակության» նպատակով։ Ըստ ամերիկյան Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի՝ ՌԴ զինված ուժերը 41 ամիս են ծախսել, որպեսզի Լիսիչանսկից դեպի արևմուտք 20 կմ առաջ գնան և գրավեն Սևերսկը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում