Երևանում անցկացվեց Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում
10 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի դեսպանության կողմից կազմակերպված կլոր-սեղան քննարկում՝ նվիրված զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացմանը։ Միջոցառմանը ներկայացվեց Ղազախստանի զբոսաշրջային ներուժը, ոլորտում փորձառություն ունեցող հայ և ղազախ մի խումբ ներկայացուցիչներ, փորձագետներ քննարկեցին և մտքեր փոխանակեցին ոլորտում երկկողմ կապերի խորացման հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի աջակցությամբ կայացած քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը, ինչպես նաև Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջության արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբաևը՝ տեսակապի միջոցով։
Կլոր-սեղան քննարկումը մեկնարկեց Ղազախստանի զբոսաշրջային ներուժի մասին տեսանյութի ցուցադրությամբ։

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանը կիսվեց երկու երկրների միջև համագործակցության զարգացմամբ և երկկողմ փոխգործակցության ներկա բարձր մակարդակը բնութագրող հիմնական նվաճումներով։
«Ղազախստանը հանձնառու է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմանը։ Մենք բարձր ենք գնահատում դրանց ավանդական բարեկամական բնույթը և դրանց խորացման հետևողական կողմնակիցներն ենք։ Ներկայում համատեղ ջանքերի շնորհիվ Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի և լի են իրական բովանդակությամբ։ Հաստատվել է կայուն քաղաքական երկխոսություն, պահպանվում են կանոնավոր շփումներ ամենաբարձր և բարձրագույն մակարդակներում։ Երկկողմ միջկառավարական հանձնաժողովը համակարգում է առևտրատնտեսական համագործակցությունը, ակտիվորեն զարգանում են մշակութային, հումանիտար, գիտական և կրթական կապերը, բարելավվում է մեր բազմակողմանի համագործակցության գրեթե ամբողջ շրջանակն ընդգրկող իրավական դաշտը, ինչն իր հերթին ծառայում է որպես փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման ամուր իրավական հիմք։ Կառուցողական մոտեցումը և միմյանց շահերը հաշվի առնելու պատրաստակամությունը, անկասկած, նպաստում են արդյունավետ փոխգործակցությանը»,-ասաց դեսպանը:

Նրա բնորոշմամբ՝ 2025 թվականին Հայաստան-Ղազախստան երկկողմ օրակարգը բավականին խիտ է եղել․ բարձրագույն և բարձր մակարդակներով տեղի են ունեցել մի շարք այցելություններ և բանակցություններ, որոնց շարքում առանձնանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած առաջին պաշտոնական այցը։
«Երկու պետությունների ղեկավարներն ընդունեցին համատեղ հայտարարություն և համաձայնության եկան մեր հարաբերությունները զարգացնելու ռազմավարական գործընկերության մակարդակով, ինչը մեր համագործակցության կարևոր հանգրվան է»,-հիշեցրեց Բոլատ Իմանբաևը՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ ակտիվ քաղաքական շփումները հզոր ազդանշան են երկկողմ փոխգործակցության զարգացման համար:
Նա նշեց, որ երկու երկրների միջև դինամիկ զարգացում է ապրում նաև առևտրատնտեսական կապը․ «Երկկողմ առևտրաշրջանառությունը ցուցաբերում է կայունություն և աճ և, ընդհանուր առմամբ, այն վերջին հինգ տարիների ընթացքում աճել է վեց անգամ, բայց միևնույն ժամանակ, ինչպես գիտեք, կա մեծ հնարավորություն և ներուժ մեր փոխշահավետ առևտրատնտեսական և ներդրումային գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար»,-հավելեց Իմանբաևը։
Դեսպանն ընդգծեց, որ բարձր մակարդակի բանակցություններից հետո համաձայնություն ձեռք բերվեց Հայաստան ղազախական հացահատիկ մատակարարելու վերաբերյալ, և երկու երկրներն ականատես եղան այդ նշանակալի իրադարձությանը։

«Հենց Աստանայում հայտարարվեց Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան առաջին անգամ այլընտրանքային ուղու բացման մասին։ Եվ այս առումով իսկապես շատ լավ հեռանկար և ներուժ կա հիմա, քանի որ այս ուղին տնտեսապես առավել շահավետ և նպատակահարմարներից մեկն է։ Եվ այս ուղղությամբ համագործակցությունն իսկապես շատ դինամիկ է զարգանում, այդ թվում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,-ընդգծեց դեսպանը։
Վերջինս նաև շեշտեց, որ զբոսաշրջությունն այսօր ոչ միայն տնտեսական ոլորտ է, այլև կարևոր գործիք՝ վստահության կառուցման, մարդասիրական կապերի ընդլայնման և հասարակությունների միջև կայուն կապերի խթանման համար։
«Ղազախստանն ու Հայաստանը ունեն զգալի զբոսաշրջային ներուժ: Ղազախստանն առաջարկում է ուղղությունների լայն տեսականի՝ մշակութային, կրթական և էկոլոգիական զբոսաշրջությունից մինչև բիզնես, սպորտային և բժշկական զբոսաշրջություն: Հայաստանն իր հերթին Ղազախստանի մտերիմ գործընկերն է զբոսաշրջության ոլորտում: Հարուստ և կայուն մշակութային ժառանգությունը, զարգացած խոհարարական ավանդույթները, եզակի բնական լանդշաֆտները և ավանդական հյուրընկալությունը Հայաստանը դարձնում են գրավիչ ուղղություն ղազախ զբոսաշրջիկների համար: Մենք համոզված ենք, որ այս ներուժը կարող է զգալիորեն ավելի մեծ չափով իրացվել՝ ավելի հարմար տրանսպորտային և լոգիստիկ պայմանների ստեղծման դեպքում։ Այս առումով կցանկանայի հատուկ նշել, որ Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը, երկու երկրների լիազոր մարմինների հետ համատեղ, ակտիվորեն աշխատում է Աստանա-Երևան-Աստանա երթուղով ուղիղ կանոնավոր չվերթների վերականգնման ուղղությամբ։ Այս հարցը նաև բարձր մակարդակի քննարկումների օրակարգում էր՝ Հայաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում»,-ընդգծեց դեսպան Իմանբաևը՝ շեշտելով, որ այս նախաձեռնության իրականացումը զգալիորեն կհեշտացնի երկու երկրների միջև ճանապարհորդությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հիշեցրեց, որ այս տարի Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Ղազախստանի զբոսաշրջության տոնավաճառին՝ որպես հյուր․ «Դա մեզ համար շատ հետաքրքիր հարթակ էր, և ես հույս ունեմ, որ հաջորդ տարի Հայաստանը կներկայացվի Ղազախստանի զբոսաշրջային տոնավաճառում ոչ միայն որպես հյուր, այլև որպես մասնակից»,- ասաց Գևորգյանը։

Նա նաև նշեց, որ շաբաթներ առաջ ՀՀ կառավարությունում ընդունվել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի 2026-2030 թթ նոր զարգացման ծրագիր, որը սահմանում է բոլոր առաջնահերթությունները, որոնց կհետևի երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։
Ղազախստանի զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջության արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբաևը կարծիք հայտնեց, որ Երևանն ու Աստանան ավանդաբար ունեցել են ջերմ, բարեկամական և գործընկերային հարաբերություններ։

«Զբոսաշրջությունը մեր համագործակցության ամենախոստումնալից ոլորտներից մեկն է, որը նպաստում է հումանիտար կապերի ամրապնդմանը, գործարար կապերի ընդլայնմանը և մեր երկրների զբոսաշրջային ներուժի փոխադարձ առաջխաղացմանը։ Այս առումով կցանկանայի ընդգծել համագործակցության արդեն իսկ ձևավորված դրական փորձը, ինչպես նաև դրա հետագա ամրապնդման զգալի ներուժը՝ զբոսաշրջային երթուղիների մշակման, լավագույն փորձի փոխանակման, համատեղ նախագծերի իրականացման և միջազգային շուկաներում զբոսաշրջային արտադրանքի առաջխաղացման առումով»,-ասաց ղազախ պաշտոնյան՝ վստահություն հայտնելով, որ անցկացվող կլոր-սեղան քննարկումը արդյունավետ հարթակ կդառնա բաց երկխոսության, երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդմանն ուղղված համատեղ լուծումների մշակման համար։
«Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի նախագահ Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ Հայաստանը միշտ մեծ նշանակություն է տալիս զբոսաշրջության ոլորտին, քանի որ այն այնպիսի հարթակ է, որը կարող է նպաստել ոչ միայն երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը, այլև տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը։

«Երբ մենք այցելում ենք միմյանց երկրներ, զարգանում է միջմշակութային երկխոսությունը։ Նման հարթակները, իհարկե, կնպաստեն Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը, բայց ոչ միայն դա, մենք ունենք հիանալի ներուժ և հնարավորություններ և պարզապես պարտավոր ենք ուսումնասիրել հայ-ղազախական համատեղ զբոսաշրջային արտադրանքը և առաջ մղել այն միջազգային շուկայում»,-ասաց Ապրեսյանը։
Նա ևս շեշտեց, որ զբոսաշրջության ոլորտում երկկողմ արդյունավետ համագործակցության համար հատկապես կարևոր է երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայությունը։
