Պարգևավճար է ստացել զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով. ՊՆ մամուլի քարտուղար
2 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին՝ Պաշտպանության նախարարությունում «միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանելու մասին»։
«Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ պաշտպանության նախարարությունում։ Ի գիտություն սենսացիաներ փնտրող լրատվամիջոցների՝ պարգևավճար է ստացել նաև զինված ուժերի ամբողջ անձնակազմը՝ մեկ պաշտոնային դրույքաչափով, և դրա շահառուն տասնյակ հազարավոր մարդիկ են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը :
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ-ում տարեվերջյան պարգևատրումները նոր մեթոդով են անելու։ Նշվում էր, որ Կառավարությունն առաջին անգամ գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ ՊՆ քաղաքական, հայեցողական և քաղծառայության պաշտոններ զբաղեցնողները պարգևավճարներ կստանան 2025 թ. առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Հրապարակման համաձայն՝ 4 մլն 800 հազարական դրամ կստանան նախարարի երեք տեղակալները: 2 մլն 600 հազարական դրամ՝ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու ևս մի քանի հոգի, իսկ վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը կպարգևատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։ Նշվում էր, որ ի տարբերություն վերնախավի՝ քաղծառայողները կպարգևատրվեն 62-145 հազար դրամով։