ՀՀ ԱԺ նախագահը Շվեյցարիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Շվեյցարիա բազմաոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ անդրադառնալով նաեւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին: