Ճամբարակ քաղաքում «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ են կառուցվել
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում այս տարի ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվել է «Վորքաութ» տեսակի երեք մարզահրապարակ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, որոշ մարզասարքեր հարմարեցված են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, մասնավորապես՝ շարժասայլակով տեղաշարժվողների համար:
«Կառավարությունն ավելի վաղ ընդունել էր որոշում՝ նպատակ ունենալով նպաստել հանրության շրջանում «Վորքաութ» մարզահրապարակների թվի ավելացմանը: Նպատակը՝ բակային մարմնամարզությամբ զբաղվելու մշակույթի ինտեգրումն է համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Նախատեսվում է նաև «Վորքաութ Ակադեմիա» կրթական ծրագրի շրջանակում դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2 մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց`«Վորքաութ» մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։
«Վորքաութ» տեսակի 3 մարզահրապարակներից մեկը բացվել է Վերին Ճամբարակ թաղամասում, երկրորդը՝ Բաղրամյան փողոցի բազմաբնակարան շենքերի բակում, երրորդը՝ Ճամբարակ քաղաքի ֆուտբոլի խաղադաշտի և եկեղեցուն հարող տարածքներում»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։