Սոցիալական հարցեր

Քաղաքացիները կարող են այսօր էլ դիմել և անցնել կենսաթոշակի կամ նպաստի ստացման անկանխիկ եղանակին՝ օգտվելով հետվճարի համակարգից. Նվեր Կոստանյան

2 րոպեի ընթերցում

Քաղաքացիները կարող են այսօր էլ դիմել և անցնել կենսաթոշակի կամ նպաստի ստացման անկանխիկ եղանակին՝ օգտվելով հետվճարի համակարգից. Նվեր Կոստանյան

Հայաստանում 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են անկանխիկ, սակայն քաղաքացիներն այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից, որը 2026 թվականի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի հրապարակած հոդվածին, թե իբր հետվճարի կարգավորման կիրառումը հետաձգվում է, ինչի պատճառով շուրջ 58 հազար թոշակառուներ, որոնք իրենց թոշակն այս պահին ստանում են կանխիկ եղանակով, 2026 թվականի հունվարից մինչև ապրիլ կորցնելու են 30 հազար դրամ գումար։ 

««Հրապարակը» հերթական մանիպուլյատիվ հոդվածն է հրապարակել՝ այս անգամ չխորշելով թիրախավորել անգամ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց փորձելով դնել շփոթության մեջ՝ մի քանի դրվագով ակնհայտ սուտ ու կեղծիք տարածելով։ Ամենամեծ սուտը, սակայն, վերաբերում է մեր մոտ 58 000 այն քաղաքացիներին, որոնք այսօր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են կանխիկ եղանակով։ Ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ, բայց մեր քաղաքացիները այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման եղանակի՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից։ 

Ուստի հոդվածի վերնագրում նշված պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30 000 դրամով» ակնհայտ կեղծիք է, քանի որ մեր քաղաքացիները կարող են չսպասել ապրիլի 1-ին և այսօր էլ անցում կատարելով անկանխիկ վճարման տարբերակին՝ սկսել օգտվել սեփական կենսաթոշակը կամ նպաստը ամսական մինչև 10 000 դրամ բարձրացնելու հնարավորությունից»,- գրել է Նվեր Կոստանյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում