Սոցիալական հարցեր

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար 250 մլն դոլարի վարկ կներգրավի

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար 250 մլն դոլարի վարկ կներգրավի

Հայաստանը Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկից կներգրավի 250 մլն դոլարի վարկ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ 

«Այն նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն և ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը և բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի և Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում  է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի չափով վարկ, Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են 16 մլն 450 հազար դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը»,-ասաց Խաչատրյանը։ 

Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռևս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագիրը։ Ընտանիքները պայմաններին բավարարելու դեպքում կարող են դիմել ու ստանալ հավաստագրեր ու իրենց նախընտրած բնակավայրում գնել տուն։ 

Փոխնախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել ու ստացել է բնակարանի հավաստագիր, նրանցից 1631-ը ձեռք է բերել տունը։ 

Հայաստանին տրամադրվող վարկի չափը 250 մլն դոլար է, վարկային միջոցների մասհանման ժամկետ է սահմանվում է մինչև 2030 թ դեկտեմբերի 31-ը։ Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, առաջին 10 տարին սահմանվում է արտոնյալ ժամկետ։ Վարկի տոկոսադրույքը կազմում է SOFR-ի տոկոսադրույք, որը հոկտեմբերի 30-ի՝ համաձայնագրի կնքման օրվա դրությամբ կազմել է 4.04 տոկոս+ 0.8 տոկոս մարժա, այսինքն՝ 4.84 տոկոս։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում