Հայաստան

ԲՏԱ նախարարը Supermicro ընկերության պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԲՏԱ նախարարը Supermicro ընկերության պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Supermicro ընկերության գործարար զարգացման գծով փոխնախագահ Նենսի Լիի գլխավորած պատվիրակության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նա նշել է, որ քննարկման առանցքում էին 𝐒𝐮𝐩𝐞𝐫𝐦𝐢𝐜𝐫𝐨 ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում, այդ թվում` գործունեության ընդլայնումը, տեխնոլոգիական միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացումը, արհեստական բանականության կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև այդ ոլորտում կառավարության նախաձեռնություններին։

«Իմ խոսքում ներկայացրել եմ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով Հայաստանի հետաքրքրվածությունը բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման և ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում: 

Այդ համատեքստում անդրադարձել եմ ԱԲ կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին՝ ներկայացնելով դրանց շրջանակն ու զարգացման ռազմավարական մոտեցումները, ինչպես նաև Կառավարության կողմից արդեն իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները»,- գրել է Հայրապետյանը։

Նախարարը ներկայացրել է նաև նոր ընդունված օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է յոթնամյա պետական աջակցություն՝ նպատակ ունենալով խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը, կրթության ոլորտում ներդրումները և հետազոտությունների ու մշակումների (R&D) զարգացմանը նպաստող ծրագրերը։

Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորվել է քննարկումների շարունակականությունը և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն` համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում