Մարվեց և շրջանառության մեջ դրվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված նամականիշը
5 րոպեի ընթերցում
«Հայփոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։
Մարման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված լոգոտիպի տեսքով: Նամականիշի վրա առկա է նաև «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» գրառումը՝ հայերենով և անգլերենով:
Նամականիշի մարման արարողությունն իրականացրին ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, ՀԱՖ նվագախմբի ղեկավար Նորայր Նազարյանը, ՀԱՖ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հոբելյանական տարին լի է եղել եզակի միջոցառումներով։ Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ձևավորվել էր հոբելյանական հանձնաժողով, որը մեծագույն ուշադրությամբ է մոտեցել միջոցառումներին։ «Կարևոր իրադարձություններից էր նվագախմբի բրենդավորումը, որից կարելի է օրինակ վերցնել: Այն նաև օգտագործվել է նամականիշի ձևավորման մեջ և շատ հաջողված է։ Այն աչքի է զարնում թե՛ արտաքին տեսքով, թե՛ սիմվոլիկ նշանակությամբ։ Կարևորագույն ծրագրերից են մարզային համերգները։ Չափազանց ուրախ եմ, որ պետության աջակցությամբ նվագախումբը շուրջ 12 համերգով հանդես եկավ Հայաստանի տարբեր մարզերում։ Համերգներն անցան լեփ-լեցուն դահլիճներում, և ևս մեկ անգամ վկայեցին, որ հանդիսատեսը գնահատում է բարձր արվեստն ու սպասում է նվագախմբի համերգներին»,-ընդգծեց նախարարն ու նշանակալի իրադարձություն համարեց նաև նվագախմբի՝ Պերսեպոլիսում կայացած համերգը։
Անդրեասյանը հիշեցրեց, որ հոբելյանական տարում նվագախումբը Հայաստանում հյուրընկալեց ականավոր երաժիշտների, որոնցից են Յուջա Վանգը, Վալերի Գերգիևը, Բորոդինի անվան լարային քառյակը և այլք։
Անդրադառնալով ֆինանսավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտեց, որ պետությունն ամեն տարի նվագախմբի գործունեությանը տրամադրում է 920-930 միլիոն դրամ, բայց վերջին տարիներին պետությունը նվագախմբի պատշաճ գործունեության և զարգացման համար կատարել է 1 մլրդ 379 մլն դրամի ներդրում։
Նախարարը նշեց, որ քիչ չեն եղել կապիտալ ծախսերը, որոնք ուղղվել են դահլիճի աթոռների նորոգմանը, համերգասրահի համար ձայնահնչյունային նոր համակարգի ձեռքբերմանը և այլն։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը խոստովանեց, որ իր համար պահը շատ հուզիչ է, քանի որ իրեն և իր երաժիշտ ընկերներին բախտ է վիճակվել նվագախմբի այսքան կարևոր ժամանակահատվածում՝ 100-ամյա հոբելյանական տարում, ներկայացնել նվագախումբը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: «Անչափ շնորհակալ եմ մեր կառավարությանը, որն ամեն ինչ արեց նվագախմբի առաջխաղացման ու պատշաճ ներկայանալու, համերգասրահի բարեկարգման համար: Դահլիճը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի տունը լինելուց բացի երկրի կարևորագույն համերգասրահն է»,-ընդգծեց մաեստրոն։
Նա վստահեցրեց՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը կունենա և արդեն ունի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համերգային դահլիճ:
Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, կարևորելով նամականիշները դերը ազգային դիմագիծը ներկայացնելու գործում, շեշտեց, որ աշխարհում ընդունված կարգ կա, որի համաձայն պետական այրերը կարևոր հանդիպումների ժամանակ միմյանց են նվիրում երկրի ազգային նամականիշների հավաքածուները՝ ընդգծելով պատմական իրողությունների, մշակութային արժեքների, ինքնության դերն ու կարևորությունը։
«Փորձեցի հասկանալ, թե որ երկրներն են իրենց Ֆիլհարմոնիկ նվագախմբերին նվիրված նամականիշներ թողարկել, պարզվեց՝ քիչ երկրներ են նման բան արել՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան և ևս մի քանիսը, այսինքն՝ այն երկրները, որոնցում մշակութային արժեքները շատ կարևորվում են»,-ասաց Մուսայելյանը։
Թողարկման օրը` 15 դեկտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ «Բեքբոն բրենդինգ»-ի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 60,0 x 30,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 10 000 հ.