Սուրեն Պապիկյանը չի կարծում, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրությունը հանգիստ է. նախարարը չի կարծում, թե ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանն այդ մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ գործողություններ է իրականացնում Պաշտպանության նախարարությունը, որպեսզի Ամանորին ընդառաջ սահմանին հնարավոր որևէ լարվածություն և խնդիրներ չլինեն՝ Պապիկյանը նշեց, որ այս պահին սահմանային իրադրությունը շատ հանգիստ է։
«Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է։ Այո, տոնական օրերին, բնականաբար, ծառայությունը ավելի զգոն է, բայց, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները՝ քամին, բուքը, այսօր զինված ուժերը այլ մտահոգություններ ունեն, և մենք մեր առօրյա խնդիրներով ենք զբաղված։ Հիմա խնդիրը քամին ու բուքն են»,-ասաց Պապիկյանը։
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։