Դատախազությունը շարունակում է Սևանի ափամերձ գույքերի վերադարձը պետությանը․ ապօրինի շինությունների մի մասն ապամոնտաժվել է
8 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց Սևանա լճի ափամերձ գոտում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ դատախազության իրականացրած աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ Վարդապետյանն ասել է, որ 2025 թվականի ընթացքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հասցեագրվել է 4 միջնորդագիր, կատարվել են ուսումնասիրություններ, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրեց մի քանի դեպք, որոնք վերաբերում են պետական հողերի կառուցապատման իրավունքների, վարձակալության և ապօրինի շինարարության խախտումներին Սևանի ավազանում։
Վարդապետյանի խոսքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2007 թվականին կնքվել է կառուցապատման իրավունքով տրամադրման պայմանագիր, որի շրջանակում Դրախտիկ գյուղից 5 կմ դեպի արևմուտք գտնվող՝ 40 հազար 900 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է ընկերությանը։ Հետագայում 0,74 հա մակերեսով հատվածի կառուցապատման իրավունքը վաճառվել է ֆիզիկական անձի, և կատարվել է պետական գրանցում։
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2010 թվականին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու պահին նշված հողամասում արդեն իսկ ինքնակամ կառուցված է եղել 382.5 քմ շինություն: Բացի այդ, կադաստրային գործում 2011 թվականին բացակայել է շինությունների գրանցման համար հիմք հանդիսացող՝ շինարարության թույլտվության, շինարարության ավարտական ակտի վերաբերյալ տվյալները»,-նշել է Վարդապետյանը։
Դատախազի խոսքով՝ այս դեպքով 2025 թվականին միջնորդագիր է ներկայացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Նախարարության կողմից ընկերությանը պայմանագրի լուծման առաջարկ է ուղարկվել, և չընդունվելու դեպքում հարցը լուծվելու է դատական կարգով։
Ըստ դատախազի՝ մյուս դեպքով Գեղարքունիքի մարզի դատախազությունում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2021 թվականին կնքված 1 հա մակերեսով, 68 միլիոն 343 հազար դրամ կադաստրային արժեքով գույքի վարձակալության պայմանագրին նախորդած մրցույթը իրականում կազմակերպվել է դեռ 2004 թվականին։
«Հայտնաբերված խախտման հիման վրա, Գեղարքունիքի մարզի դատախազի առաջարկով՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականն ուժը կորցրած է ճանաչվել: Գեղարքունիքի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ վերոնշյալ հողատարածքում առկա ապօրինի շինություններն ապամոնտաժելու (քանդելու) նպատակով: Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքվել է պայմանագիր, որը վերաբերում է Սևանի թերակղզու տարածքում գտնվող՝ 600 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրմանը: Ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ: Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից գրություն է հասցեագրվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը: Միաժամանակ, կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,-հայտնել է Վարդապետյանը։
Երրորդ օրինակով՝ 2006 թվականի դեկտեմբերի 5-ի պայմանագրով Սևանի թերակղզու տարածքում գտնվող 600 քմ մակերեսով հողամասին տրամադրվել է կառուցապատման իրավունք, սակայն ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ։ Գեղարքունիքի մարզի դատախազությունը գրություն է հասցեագրել ՊՈԱԿ-ին՝ առաջարկելով լուծել պայմանագիրը, և հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Քննչական կոմիտեի Սևանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի հատկանիշներով։
Մեկ այլ գործի շրջանակում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի՝ 2,8 հա հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու և հողամասը ազատելու միջոցներ ձեռնարկելու պահանջով։
«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել: 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ»,-նշել է Վարդապետյանը։
Նա ավելացրել է, որ պայմանագրի լուծման և գույքի վերադարձի ուղղությամբ նախարարությանը ներկայացվել է միջնորդագիր, իսկ ՊՈԱԿ-ը վարձակալ ընկերությանը վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ ծանուցում է ուղարկել։
Նույն իրավաբանական անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով գրանցված՝ Սևան քաղաքի Հանգստի գոտու 3-րդ փողոցի 38 տան անշարժ գույքերի վերաբերյալ Վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ դրանք Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջով։
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում ապօրինի կառուցվել են շինություններ, այդ թվում՝ առանձնատուն, և փաստացի օգտագործվում է հատկացվածից մոտ երեք անգամ մեծ հողատարածք՝ ընդհանուր 9088 քմ մակերեսով։
Բացի այդ, Վարդապետյանի խոսքով՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության հիման վրա միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր տարածքների 34 հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունները ապամոնտաժելու և տարածքները նախկին տեսքին բերելու համար։
«Միջնորդագրի արդյունքում այս պահի դրությամբ 3 հողամասերում առկա շենք-շինություններն ապամոնտաժվել են ամբողջությամբ, մնացած հողամասերի վերաբերյալ հարուցվել են վարչական վարույթներ, կայացվել են 23 քանդման որոշումներ»,-ամփոփել է գլխավոր դատախազը։