Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Արագածոտնի մարզի մի շարք շինարարական հրապարակներ
1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական չնախատեսված այցն է կատարել Արագածոտնի մարզի մի շարք շինարարական հրապարակներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Նշվում է, որ Կաքավաձորում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ կառուցվում է 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ։ Բացի այդ, նորոգվում է Կաքավաձորի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցը։
Հաղորդվում է, որ Կոմիտեի նախագահը պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ ուսումնասիրել է կատարվող շինարարական աշխատանքները, շինարարների հետ քննարկել ընթացիկ հարցեր։
«Շինարարության ակտիվ փուլում է Նոր Ամանոսի կրթահամալիրի կառուցման ծրագիրը։ Եղիազար Վարդանյանն արձանագրել է, որ շինարարությունն ընթանում է առաջանցիկ տեմպով, իսկ կատարվող աշխատանքները գոհացուցիչ են»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կրթահամալիրը ներառում է 144 աշակերտի համար նախատեսված դպրոցի և 40 սանի համար նախատեսված մանկապարտեզի մասնաշենքեր։ Հաջորդիվ դիտարկվել են Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան և Աղձքի միջնակարգ դպրոցների նորոգման աշխատանքները։