Միացյալ Նահանգներ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նյու Յորքում հանդիպել է ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Նյու Յորքում հանդիպել է ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում դեկտեմբերի 8-ին հանդիպել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի Նյու Յորքի գրասենյակի գործադիր տնօրեն Թոմաս Թյոդլինգի և «Coalition for the UN we Need» գործադիր տնօրեն Ադամ Լուպելի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալիզացման կարևորությունը: 

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների անկյունաքարային նշանակությունը՝ ուղղված տարածաշրջանում քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և ներդրումների խթանմանը: Այս համատեքստում կարևորվել է նաև Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված շահագրգիռ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման վրա։

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հարավային Կովկասն ունի արդյունավետ և անվտանգ լոգիստիկ հանգույցի վերափոխվելու չիրացված ներուժ, որի կիրարկումը կարող է հանգեցնել տարածաշրջանի դերի ավելացմանը փոխկապակցվածության ցանցի զարգացման համատեքստում: Այս առումով Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կենսական նշանակությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է զրուցակիցների հարցերին՝ անդրադառնալով միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում