Գառնիկ Դանիելյանն ահազանգում է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շտապ վիրահատության կարիք ունի
2 րոպեի ընթերցում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, անհապաղ վիրահատության կարիք ունի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սա շատ կարևոր հարց է և պետք է օր առաջ լուծվի։ Սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի, որպեսզի իր բժշկի հսկողությամբ և անմիջական մասնակցությամբ այդ վիրահատությունը կատարվի»,- ասել է պատգամավորը։
Հարցին, թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բուժզննում անցե՞լ է, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց՝ կան համապատասխան ընթացակարգեր, որոնք նա անցել է։ «Այս հարցը պետք է անհապաղ լուծվի։ Կներեք, բայց այլ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Եթե կա վիրահատության կարիք, դա նշանակում է, որ իրավիճակը լուրջ է»,- նշել է Գառնիկ Դանիելյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հոկտեմբերի 3-ին դատապարտվել էր 2 տարի ժամկետով ազատազրկման։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա կալանքի տակ էր հունիսի 28-ից։