Սոցիալական հարցեր

Զբաղվածության ռազմավարական ծրագրի և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ քննարկում է անցկացվել

3 րոպեի ընթերցում

Զբաղվածության ռազմավարական ծրագրի և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի նախագծի շուրջ քննարկում է անցկացվել

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ զարգացման ծրագրի և Ավստրիայի զարգացման գործակալության համագործակցությամբ կայացել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի և դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ քննարկումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 

Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը, Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Արտյոմ Սմբատյանը, զբաղվածության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք գերատեսչությունների և գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իր ողջույնի խոսքում նախարար Թորոսյանն ընդգծել է զբաղվածության ոլորտում սահմանված ռազմավարական նպատակների իրականացման ուղղությամբ հետևողական, թիրախային և երկարաժամկետ աշխատանքների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարը նաև առանձնակի շեշտել է գործընկեր մարմինների և կազմակերպությունների հետ կառուցողական ու համակարգված համագործակցության շարունակականությունը։

«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագրի հիմնային սկզբունքները, կառուցվածքը, սահմանված առաջնահերթություններն ու արդյունքային շրջանակը։

Իր ելույթում բանախոսն ընդգծել է նաև չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճին, կանանց տնտեսական զորեղացմանը, աշխատաշուկայում նրանց ներուժի լիարժեք օգտագործմանն ու անապահով ընտանիքների կայուն աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը միտված ծրագրերի իրականացման կարևորությունը։

ՄԱԿ զարգացման ծրագրի Նորարարության և կայուն ֆինանսների պորտֆելի ղեկավար Տիգրան Ճորոխյանը մանրամասնել է արդյունքահեն ֆինանսավորմամբ ակտիվ զբաղվածության ծրագիրը, խոսել թվային գրագիտության կարևորության մասին։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել դիտարկումներով և առաջարկներով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում