Հասարակական

Աթենքում բացվել է հայկական և բյուզանդական-հունական քրիստոնեական մշակույթին նվիրված ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Աթենքում բացվել է հայկական և բյուզանդական-հունական քրիստոնեական մշակույթին նվիրված ցուցադրություն

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ և հովանու ներքո դեկտեմբերի 5-ին Աթենքի «Մելինա» մշակութային կենտրոնում բացվել է բացառիկ տեսաձայնային ցուցահանդես, որը նվիրված է հայկական և բյուզանդական-հունական քրիստոնեական մշակույթին։ Ցուցահանդեսի հեղինակն է անվանի հայազգի երաժիշտ և լուսանկարիչ Սարո Զավենը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանությունից, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Հայաստանի, Հունաստանի և մերձավորարևելյան միջնադարյան եկեղեցիների լուսանկարները` համապատասխան քրիստոնեական երաժշտական ավանդույթների ժամանակակից ներկայացմամբ։

Միջոցառմանը Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես է եկել շնորհակալական խոսքով՝ ընդգծելով Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային համագործակցության կարևորությունը և իր գնահատանքը հայտնելով արվեստագետին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ պատվել են միջոցառումը։

Դեսպանն անդրադարձել է ֆոտոցուցահանդեսի առանձնահատկություններին, մասնավորապես եկեղեցիներում լուսային արտացոլմանը պատկերներում, ինչը գեղագիտական բացառիկ հետաքրքրություն է իրենից ներկայացնում։ Դեսպանն ընդգծել է նաև, որ երաժշտական պատումների մեջ տեղ են գտել 2019-20թթ. Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ, ամերիկյան DELOS Music ընկերության արտադրությամբ և Լատվիայի ռադիոյի երգչախմբի կատարմամբ Կոմիտաս Վարդապետի Սուրբ Պատարագից հատվածներ։

Այնուհետև կազմակերպվել է փոքր ընդունելություն, որի ընթացքում հյուրերին մատուցվել են ավանդական հայկական խմիչքներ։

Ցուցահանդեսը (երաժշտական ուղեկցությամբ) բաց կլինի այցելուների համար մինչև 2025 թ. դեկտեմբերի 13-ը։

 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում