Իրավունք

Դատախազությունը պահանջում է լուծել ՀՀ նախագահի նախկին օգնականի ընտանիքին պատկանող Սևանի թերակղզու հողամասի պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է լուծել ՀՀ նախագահի նախկին օգնականի ընտանիքին պատկանող Սևանի թերակղզու հողամասի պայմանագիրը

ՀՀ դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ պահանջելով լուծել Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, ՀՀ նախագահի նախկին օգնական և ՍԴ նախկին գլխավոր քարտուղար Նորայր Փանոսյանի մոր անվամբ գրանցված հողամասի պայմանագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոսքը Սևանի թերակղզու տարածքում գտնվող 600 քմ մակերեսով հողամասի մասին է, որի կառուցապատման իրավունքը տրամադրվել էր 2006-ին։

Գեղարքունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Նորայր Փանոսյանի մոր միջև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին կնքված՝ «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրն ու կից փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող 600 քմ մակերեսով հողամասը, որը մինչև 2031 թվականը տրամադրվել է Հ.Ս.-ին, չի օգտագործվում ըստ պայմանագրում նշված նպատակային նշանակության:

Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի նոյեմբերի 28-ին, պաշտոնեական հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և Հ.Ս.-ի միջև կնքված պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում