Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. Ուկրաինայում երեխա է զոհվել
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ուկրաինայի վրա է արձակել 137 անօդաչու թռչող սարք, որոնցից 80-ն է հաջողվել խոցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն են տարածել Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Հարվածի թիրախում է հայտնվել Դնեպրոպետրովսկի մարզը։ Ըստ տեղի իշխանությունների՝ ԱԹՍ-ի հարվածից 12-ամյա երեխա է զոհվել։ Եվս երկու մարդ, հավանաբար, երեխայի ծնողները, վիրավորվել են։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 41 ԱԹՍ խոցելու մասին։ Ըստ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների՝ վնասվել է Թեմրյուկի նավահանգիստը։
Ըստ Telegram ալիքների՝ Սամարայում պայթյուններ են լսվել. ամենայն հավանականությամբ, թիրախավորվել է Սիզրանի նավթավերամշակման գործարանը։ Telegram ալիքները նաև լուսանկարներ են հրապարակել, ըստ որոնց ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երկնաքերի, որի մի քանի հարկերը վնասվել են։ Պաշտոնապես Չեչնիայի իշխանությունները սա չեն մեկնաբանել։