ՀՀ ԱԳ փոխնախարարն Իռլանդիայի պետական նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի նշանակությունը
2 րոպեի ընթերցում

Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի՝ Եվրոպական և պաշտպանության հարցերով պետական նախարար Թոմաս Բըրնի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը՝ Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ ծրագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հարցերին: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ նոր և նորագույն տեխնոլոգիաների բնագավառում, համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են բազմակողմ հարթակների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հարցերը:
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում 2026թ. հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման շուրջ: