Օնլայն վարկեր ձևակերպելու միջոցով խոշոր չափերի հափշտակություն կատարած անձը ազատազրկվել է 4 տարի ժամկետով
1 րոպեի ընթերցում

Համակարգչի միջոցով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարած մեղադրյալի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ Ա.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն արարքի համար, որ նա, 2021-2022 թվականների ընթացքում, 39 քաղաքացիների մոլորեցնելով, նրանց «Իդրամ» հավելվածներին հասանելիություն ստանալու, դրամապանակում առկա գումարը տնօրինելու, հավելվածի միջոցով օնլայն վարկ ձևակերպելու միջոցով, հափշտակել է 39 միլիոն 803 հազար դրամ:
«Ընդգծենք, որ այն դեպքերում, երբ հափշտակվել է հավելվածում առկա գումարը, տուժող է ճանաչվել քաղաքացին, օնլայն վարկեր ձևակերպելու դեպքում` տուժող է ճանաչվել բանկը․,– նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: