Երևանում ներկայացվել է ֆորմալ զբաղվածության խթանման վերաբերյալ զեկույցը

6 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Ֆորմալ զբաղվածության խթանումը Հայաստանում. Ախտորոշիչ զեկույցի վավերացում» խորագրով քննարկումը, որտեղ ներկայացվեցին ոլորտի հիմնական մարտահրավերներն ու արդեն իրականացված քայլերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումը կազմակերպել են  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Գործատուների հանրապետական միությունը՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ:

ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն իր խոսքում ընդգծեց, որ ոչ ֆորմալ տնտեսությունից ֆորմալ տնտեսության անցումը միայն տնտեսական հարց չէ։ Նրա խոսքով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրը վերաբերում է մարդու արժանապատվությանը, աշխատանքային իրավունքներին, սոցիալական պաշտպանությանը, արդար մրցակցությանը և երկրի երկարաժամկետ զարգացմանը։ 

Խաչատրյանը նշեց, որ ոչ ֆորմալ զբաղվածությունը շարունակում է մարտահրավեր մնալ աշխարհի բազմաթիվ երկրների համար, որտեղ ավելի քան 2 միլիարդ աշխատող գործում է ոչ ֆորմալ տնտեսությունում՝ սահմանափակ իրավունքներով, անվտանգությամբ և սոցիալական ապահովմամբ։

«Հայաստանի համար թեման առավել արդիական դարձավ վերջին  տարիներին, հատկապես 2023 թվականին, երբ Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք համալրեցին Հայաստանի  աշխատաշուկան։  ԱՄԿ-ն նախաձեռնել է համալիր քայլեր՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն և ձևավորելով լայն գործընկերային հարթակ կառավարության, աշխատողների, գործատուների և այլ կառույցների հետ»,-ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այդ ջանքերի մի մասն է «Սիվիդա» խորհրդատվական ընկերության կողմից անցկացված ախտորոշիչ ուսումնասիրությունը։ «Այսօրվա հանդիպման նպատակն է ոչ միայն ներկայացնել ուսումնասիրության արդյունքները, այլև ձևակերպել ընդհանուր դիրքորոշումներ և քննարկել, թե ինչպես համատեղ կարող ենք դիմակայել ոչ ֆորմալացման մարտահրավերներին ու խթանել ֆորմալ զբաղվածության և սոցիալական պաշտպանության ընդլայնումը Հայաստանում»,-ասաց փոխնախարարը։

Խաչատրյանն ընդգծեց՝ համոզված է, որ հաջողությունը հնարավոր է եռակողմ գործընկերության, տվյալների վրա հիմնված քաղաքականության և շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածության շնորհիվ։ 

ԱՄԿ Գլոբալ Ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրին էլ հավելեց, որ շատ կարևոր է  տարբեր երկրների լավագույն փորձի յուրացումը  Հայաստանում: Այսօր այս աշխատաժողովի ընթացքում շատ ավելի կարևոր է հասկանալ ավելի գլոբալ խնդիրները և հետո հայաստանյան համատեքստում անդրադառնալ  ախտորոշմանն և մարտահրավերներին:

«Այսօր կհիշատակենք ամբողջ աշխարհի տարբեր երկրներից վերցված լավագույն փորձը: ԱՄԿ-ն ունի բազմաթիվ ուղղություններ, հանձնարարականներ, որոնք քաղաքականությունների համար սկզբունքներ են նախանշում՝ բարելավելու աշխատանքի բնագավառը»,-նշեց նա:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը նշեց, որ իրականացված աշխատանքը չափազանց կարևոր է, և կոնֆեդերացիան ակտիվ մասնակցել է գործընթացին։ Նրա խոսքով՝ 1991 թվականից ի վեր Հայաստանում ձևավորվել է ոչ ֆորմալ զբաղվածության երևույթը, որը շարունակվել է երկար տարիներ։ Նազարեթյանը ընդգծեց, որ վերջին տասնամյակին այդ խնդիրը դարձել է ավելի առարկայական ուսումնասիրության և լուծումների որոնման թեմա։

«Կոնֆեդերացիայի անդամ ճյուղային միությունները՝ ագրոարդյունաբերությունից մինչև շինարարություն ու սպասարկման ոլորտ, տարիներ շարունակ բարձրաձայնել են ոչ ֆորմալ զբաղվածության խնդիրները։ Նրա խոսքով՝ այսօր արդեն կան լուրջ ինստիտուցիոնալ հիմքեր՝ սոցիալական գործընկերության և աշխատողների իրազեկման ոլորտներում։ 

«Մենք կարծում ենք, որ աշխատողների և գործատուների իրազեկումը, ինչպես նաև այն գաղափարը, որ աշխատանքային հարաբերությունները պետք է ապահովեն արդյունավետ և արժանապատիվ աշխատանքային գործընթաց, պետք է լինեն մեր աշխատանքի հիմնական ուղենիշները»,-նշեց Նազարեթյանը։

Նա հավելեց, որ արհմիությունների ներսում ոչ ֆորմալ աշխատողների միավորումն արդեն տվել է դրական արդյունքներ, և հանդիպման քննարկումները կհաստատեն հետագա քայլերն ու համագործակցությունը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Լիլիթ Ադամյանը ողջունեց քննարկման մասնակիցներին՝ նշելով, որ ոչ ֆորմալ տնտեսության նվազեցումը կարևոր է ոչ միայն պետության, այլև գործատուների, աշխատակիցների և ամբողջ հասարակության համար։ Նրա խոսքով՝ ֆորմալ տնտեսության ամրապնդումը հնարավորություն է տալիս ստեղծել առողջ տնտեսական էկոհամակարգ, բարձր արտադրողականություն և արժեք ստեղծող բիզնես միջավայր։

«Ոչ ֆորմալ տնտեսության պատճառները հաճախ կապված են օրենսդրական կարգավորումների, հարկային վարչարարության բարդությունների, հարկային բեռի և սոցիալական քաղաքականության անհամաչափության հետ։ Նրա խոսքով՝ այս բոլոր գործոնները խոչընդոտում են ինչպես բիզնեսի զարգացմանը, այնպես էլ երկրի տնտեսական կայուն աճին»,-ասաց նա:

 

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում