Լիտվան զինվորականներ կներգրավի մաքսանենգ օդապարիկների դեմ պայքարելու համար
1 րոպեի ընթերցում

Լիտվայի զինված ուժերի ստորաբաժանումները կուղարկվեն Բելառուսի հետ սահման՝ դրա պահպանությունն ուժեղացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ խմբեր են ձևավորվում ցամաքային զորքերի զինծառայողներից, ռազմական ոստիկանությունից, ռազմաօդային ուժերից և նյութատեխնիկական ապահովման ուժերից, որոնք ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ առաջադրանքներ կկատարեն՝ կապված դեպի Լիտվայի տարածք օդապարիկներով մաքսանենգության կանխարգելման հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նախարարությունից հայտնել են, որ գործողության տևողությունը կախված կլինի դրա արդյունքներից և արդյունավետությունից։
Հոկտեմբերին Վիլնյուսի օդանավակայանը մի քանի անգամ հարկադրաբար փակվել է օդային տարածքում մաքսանենգ ծխախոտների բեռով օդերևութաբանական զոնդերի հայտնվելու պատճառով։ Նման միջադեպերի հաճախակիանալուց հետո Լիտվան փակել էր Բելառուսի հետ սահմանային անցակետերը՝ վերականգնելով դրանց աշխատանքը մի քանի շաբաթ անց։