Վարդենիսի քաղաքային գրադարանում բացվել է 44-օրյա պատերազմում և սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների հուշանկյուն
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քաղաքային գրադարանում բացվել է «Ինձ բացակա չդնեք» խորագրով հուշանկյուն՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում և 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված վարդենիսցի անմահ հերոսների հիշատակին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, հուշանկյան բացումից հետո տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ, որին հրավիրվել է Իշխանասարի անմահ հերոս Հայկ Կարենի Գասպարյանի մայրը՝ Մարգարիտ Հակոբյանը։
Միջոցառմանը ներկա են եղել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, զոհվածների հարազատներ։ Ներկայացվել են բոլոր հերոսների կենսագրական տվյալները, անցած մարտական ուղիները, նրանց կյանքի հերոսական դրվագները։
«Հերոսները չեն մահանում, նրանք նահատակվում ու անմահանում են՝ միաժամանակ կերտելով հայ ժողովրդի հերոսական պատմությունն ու ապրեցնում բոլորիս։ Մենք հավերժ խոնարհվում ենք նրանց սուրբ հիշատակի առաջ ու պարտավորվում՝ հզորացնել ու շենացնել այն հայրենիքը, հանուն որի իրենց կյանքը չխնայեցին մեր քաջերը»,-նշել է գրադարանի տնօրեն Քրիստինե Պետրոսյանը։