Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը շրջայց է կատարել համայնքի բնակավայրերում
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն աշխատանքային շրջայց է իրականացրել համայնքի տարբեր բնակավայրերում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այցի նպատակն էր դիտարկել կատարված աշխատանքները և 2026 թվականի բյուջեի նախագիծը կազմելուց առաջ առկա խնդիրները վերհանել և հնարավորության սահմաններում դրանք ներառել բյուջեում:
Վարչական և բնակավայրերի համայնքապատկան կառույցների ղեկավարիների հետ Գուրգեն Մարտիրոսյանը եղել է բոլոր հաստատություններում, դիտարկել առկա խնդիրները, լսել ներկայացված առաջարկները և հանձնարարել գույքագրել դրանք։ Հիմնախնդիրները հիմնականում մանկապարտեզների, երաժշտական, արվեստի դպրոցների, մշակույթի տների, վարչական ղեկավարների նստավայրերի շենքերի, դրանց բակային տարածքների հիմնանորոգմանն ու բարեկարգմանն էին առնչվում: Բարձրացվել են ճանապարհաշինության, արոտների ջրարբիացման և մի շարք այլ ոլորտների հետ կապված հարցեր:
Ծովազարդում Գուրգեն Մարտիրոսյանն այցելել է մշակույթի տուն և մանկապարտեզ, դիտարկել առկա ոչ բավարար պայմանները, տեղում քննարկել հնարավոր լուծումները։
Լճափում համայնքի ղեկավարը ծանոթացել է Արցախյան պատերազմերում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքի շինարարական աշխատանքներին, որոնք կատարվում են համայնքի՝ 2025 թվականի բյուջեի միջոցներով: Գուրգեն Մարտիրոսյանն այցելել է նաև շենքային անբարենպաստ պայմանների պատճառով չգործող մշակույթի տուն:
Հայրավանքում այց է կատարվել մշակույթի տուն, որի մի հատվածն օգտագործվում է որպես վարչական ղեկավարի նստավայր և գործող խմբակների համար հարմարեցված տարածք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարելավելու առկա պայմանները:
Նորատուսում Գուրգեն Մարտիրոսյանն այցելել է գործող երկու մանկապարտեզ և արվեստի դպրոց։ Այս հաստատությունների տնօրենները ներկայացրել են շենքային պայմանների և տարածքի բարելավման աշխատանքների հետ կապված առաջարկներ, որոնք արձանագրվել են։
Այց է կատարվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որի տարածքը համայնքի բյուջեի միջոցներով բարեկարգվել է, կահավորվել և լուսավորվել: Գուրգեն Մարտիրոսյանը զրուցել է բնակիչների հետ և լսել նրանց առաջարկությունները։
Շրջայցի հաջորդ կանգառը Կարմիրգյուղում է եղել: Այստեղ դիտարկվել է չգործող մշակույթի տան շենքի վիճակը և քննարկվել բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնող կառուցի հիմնանորոգման հարցը, արվեստի դպրոցում էլ ուսումնասիրվել են շենքային պայմանները և քննարկվել դրանց բարելավման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Գանձակում ուսումնասիրվել են մանկապարտեզի շենքային և բակային տարածքի պայմանները։ Դրանց բարելավման ուղղությամբ ևս տրվել են հանձնարարականներ։
Գեղարքունիքում, Լանջաղբյուրում և Սարուխանում ևս այցեր են կատարվել համայնքապատկան կառույցներ և պայմանավորվածություններ ձեռք բերվել՝ դրանց պայմանների բարելավման աշխատանքներն ընդգրկել առաջիկա ծրագրերում: