Քաղաքականություն

Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն չեն, եթե կանանց ձայնն ու մասնակցությունը լսելի չեն. Արմեն Գրիգորյան

6 րոպեի ընթերցում

Խաղաղությունն ու անվտանգությունը կայուն չեն, եթե կանանց ձայնն ու մասնակցությունը լսելի չեն. Արմեն Գրիգորյան

Երկարատև և իրական խաղաղության հաստատման համար կարևոր է կանանց ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման, անվտանգության քաղաքականությունների մշակման գործընթացներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակին նվիրված՝ «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս փաստաթուղթը 25 տարի առաջ հիմք դրեց նոր գլոբալ օրակարգի՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» և ստեղծեց պատմական ինստիտուցիոնալ հիմք՝ կանանց դերի ճանաչման համար՝ հակամարտությունների կանխարգելման, խաղաղության հաստատման և հետպատերազմյան վերականգնման գործընթացներում։ Այս տարվա միջոցառման թեման՝ «Ապրող օրակարգ․ կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկային անվտանգության», առանձնապես արդիական է մեր տարածաշրջանի համար, որտեղ խաղաղությունն ու անվտանգությունը դարձել են տարածաշրջանում ապրող մարդկանց զարգացման հիմնարար նախապայմաններ։ Իսկ հոբելյանական տարեթիվը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև պարտավորեցնող՝ մեզ հիշեցնելով, որ խաղաղությունը և անվտանգությունը չեն կարող լինել կայուն, եթե դրանց կառուցման գործընթացներում կանանց ձայնը և մասնակցությունը լսելի չեն»,- նշել է Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանը հետևողական է իր հանձնառությանը՝ կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» բանաձևի գործողությունների ազգային ծրագիրը, որը ներառում է ռազմավարական և գործնական միջոցառումներ՝ ուղղված կանանց ընդգրկմանն անվտանգության ոլորտում՝ հիմնված ներառականության, կայունության և մարդկային անվտանգության ապահովման սկզբունքների վրա։ 

«ՀՀ կառավարությունը և մասնավորապես Պաշտպանության նախարարությունն իրականացրել և շարունակում են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված զինվորական և քաղաքացիական անվտանգության կառույցներում կանանց ներգրավմանն ու մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական պլանավորման, ճգնաժամային կառավարման և խաղաղապահ առաքելություններում ներգրավման բարձրացմանը, որտեղ և առաջընթացը նշանակալի է: Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս քաղաքացիական հասարակության դերակատարությանը, քանի որ կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ակտիվորեն մասնակցում են խաղաղաշինական նախաձեռնություններին, կոնֆլիկտների կանխարգելմանը, խաղաղության խթանմանը, սահմանամերձ համայնքներում իրականացնում են կայունությանն և կանանց ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր, որոնք միանշանակ է, որ նպաստում են կանանց առաջնորդության զարգացմանը»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Հայաստանում վերջին տարիներին կանանց ներգրավվումն անվտանգության և պաշտպանական ոլորտներում կայուն աճ է գրանցում: 

«Այսօր Զինված ուժերում նկատելիորեն աճել է կին զինծառայողների թիվը, բարձրացել է կանանց մասնակցությունը նաև քաղաքական որոշումների կայացման հարցերում: «Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը 146 երկրների շարքում զբաղեցնում է 59-րդ տեղը՝ տարածաշրջանային երկրների շարքում լինելով առաջինը: Այսօր ՀՀ ազգային ժողովում կանանց ներգրավվածությունը հասել է 38%-ի, որը ևս տարածաշրջանային առումով ամենաբարձր ցուցանիշն է: Կանայք ներկայացված են նաև Կառավարության կազմում, տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական կառավարման տարբեր օղակներում»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Արմեն Գրիգորյանը հավելել է՝ Հայաստանը, գտնվելով բարդ տարածաշրջանում, ունի սեփական փորձ՝ որտեղ անվտանգության ընկալումը վերափոխվում է մարդկային և հանրային դիմակայունության մոդելի։ 

«Մենք հասկանում ենք, որ անվտանգության համակարգերը չեն կարող արդյունավետ լինել, եթե դրանց հիմքում բացակայում է հանրային վստահությունը, մասնակցությունը և հավասարությունը։ Այդ իսկ պատճառով մեր նպատակն է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ կին թե տղամարդ, կկարողանա ապրել անվտանգ, արժանապատիվ և խաղաղ պայմաններում։ Այս համատեքստում մենք կարևորում ենք կանանց դերը ոչ միայն որպես խաղաղության շահառուներ, այլ՝ որպես դրա ակտիվ ստեղծողներ»,- ընդգծել է Գրիգորյանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եզրափակելով նշել է, որ կանանց ներգրավվածությունը քաղաքական որոշումների կայացման, խաղաղապահ ջանքերի և անվտանգության քաղաքականությունների մշակման գործընթացներում՝ կարևոր են իրական և երկարատև խաղաղության հաստատման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում