Մարզեր

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվել

2 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Արծվաքարի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 800 հազար դրամ, որի 75 տոկոսն հատկացվել է պետական, 25 տոկոսը՝ համայնքի բյուջեից։ 

Ծրագրով կառուցվել է շուրջ 400 մետր երկարությամբ ջրահեռացման և ոռոգման համար նախատեսված նոր համակարգ․ տեղադրվել են երկաթբետոնե վաքեր և անցումային երկաթե խողովակներ։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերին և ավարտվել նոյեմբերի երկրորդ տասնօրյակում։

«Ծրագրի իրականացման շնորհիվ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սազայու փողոցն այժմ ավելի մաքուր տեսք ունի,  ձնհալի և անձրևների ջրերը այլևս չեն հեղեղի տարածքը, և բնակիչների համար տեղաշարժվելու դժվարություններ արդեն չեն ստեղծվի։ Նախկին վիճակի մասին բնակիչները ներկայացրել էին Գավառի համայնքապետարան․ խնդրի լուծումը չի ուշացել։ Կատարված աշխատանքների  արդյունքում նաև հնարավոր է այս տարածքի տնամերձերի ոռոգումը կազմակերպել։ Բնակիչներն ասում են, որ ոռոգման հետ կապված դժվարությունների պատճառով հողամասերի մեծ մասը չէր մշակվում, իսկ հաջորդ տարվանից արդեն էականորեն կավելանան մշակովի հողատարածքները»,-տեղեկացրին Գավառի համայնքապետարանից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում