Հիմնանորոգվել է Ծակքարի մշակույթի տունը
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 40 միլիոն 560 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է մշակույթի տան սանհանգույցների և սեպտիկ հորի կառուցում, աստիճանների ճաղավանդակների տեղադրում, բակային հատվածի ասֆալտապատում և կանաչապատում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսից և ավարտվել նոյեմբերին։
«Նախորդ տարիներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Ծակքարի մշակույթի տանն իրականացվել էին հիմնանորոգման աշխատանքներ, իսկ կիսատ մնացած աշխատանքներն ավարտվեցին այս տարվա ընթացքում։ Կարելի է ասել, որ Ծակքարի մշակույթի տան հիմնանորոգման ծրագիրը, որն ընթացել է մի քանի փուլով, հիմնովին ավարտված է»,-նշեց Ծակքարի վարչական ղեկավար Արարատ Ավետիսյանը։