Տնտեսություն

Տարածաշրջանի առաջին արհեստական բանականության գործարանը կկառուցվի Հրազդանում

2 րոպեի ընթերցում

Տարածաշրջանի առաջին արհեստական բանականության գործարանը կկառուցվի Հրազդանում

Հրազդանը կդառնա տարածաշրջանի առաջին քաղաքը, որտեղ կկառուցվի արհեստական բանականության արտադրության բարձր տեխնոլոգիական գործարան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը՝ նշելով,  որ նախագիծը նախատեսվում է իրականացնել 500 մլն դոլար ներդրմամբ։

Միքայելյանի տեղեկացմամբ՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային հեղինակավոր NVIDIA ընկերության, AI ամպային և ենթակառուցվածքային Firebird ընկերության, ինչպես նաև Team ընկերությունների խմբի համագործակցությամբ։

NVIDIA-ի շուկայական կապիտալացումը մոտ 4,6 տրիլիոն դոլար է, ինչը այս համագործակցությունը դարձնում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման համար աննախադեպ հնարավորությամբ նախաձեռնություն։

Նշվում է, որ Հրազդանում կստեղծվի բարձր հզորությամբ գերհամակարգչային ենթակառուցվածք, որը կծառայի նորարարական նախագծերի իրականացմանը, տեխնոլոգիական արտադրության կազմակերպմանը և գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը։

«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Հրազդանի համար․ մենք դառնում ենք տարածաշրջանային AI կենտրոն»,-գրել է համայնքի ղեկավարը։

Սևակ Միքայելյանի խոսքով՝ այս ներդրումը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի դիրքերը միջազգային տեխնոլոգիական ոլորտում, այլև էական ազդեցություն կունենա Հրազդան քաղաքի զարգացման վրա՝ բերելով նոր աշխատատեղեր, բարելավված ենթակառուցվածք և նորարարական միջավայր։

«AI գործարանի կառուցումը մեր քաղաքի զարգացման հերթական մեծ քայլն է լինելու, և այս մասշտաբային նախագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ Հրազդանը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը որպես առաջատար, զարգացող և նորարարական քաղաք»,-գրել է Միքայելյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում