Տնտեսություն

Հայաստանի և Ղազախստանի տնտեսավարողները կքննարկեն տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ղազախստանի տնտեսավարողները կքննարկեն տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունները

Տնտեսավարողների հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ղազախստան՝ քննարկելու տնտեսական երկկողմ գործակցությունը խորացնելու հնարավորությունները:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Ղազախստան կատարած պաշտոնական այցը:

«Շատ կարևորում եմ, որ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները զարգացան և հասան ռազմավարական գործընկերության կետին և այդ ռազմավարական գործընկերությունն ունեցավ նաև շատ կոնկրետ արտահայտություններ, որոնց մի մասը մի փոքր անսպասելի էր: Նաև այն, որ մենք հիմա երկաթուղային կապի հնարավորություն ունենք Ղազախստանի հետ, մեր հնարավորություններն, իհարկե, ընդլայնում է: Առաջիկայում մենք պայմանավորվել ենք, որ տնտեսավարողների պատվիրակություն կմեկնի Ղազախստան, որ տեսնեն, թե ինչ ուղղություններով է հնարավոր խորացնել տնտեսական գործակցությունը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ Ղազախստանի հետ քաղաքական երկխոսությունը եղել և մնում է բարձր մակարդակի: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Կասիմ Ժոմարտ-Տոկաևին՝ իրեն Ղազախստանի բարձրագույն պարգևին արժանացնելու համար: 

«Դա իսկապես շատ մեծ պատիվ է ինձ համար և մեծ գնահատական է, որի համար ես խորապես շնորհակալ եմ»,- նշեց Փաշինյանը:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում