Մարտունեցի դպրոցականը Բուլղարիայում կայացած երգի միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է առաջին հորիզոնականը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ Գրիգոր Մինասյանն առաջին մրցանակով է տուն վերադարձել Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացած երգի միջազգային մրցույթ- փառատոնից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գրիգոր Մինասյանը համայնքում գործող «Հակոբ Հակոբյան» վոկալ ստուդիայի սան է։ Նա առաջին տեղն է զբաղեցրել երգի միջազգային մրցույթ- փառատոնում՝ «Փոփ վոկալ» անվանակարգում։ Վոկալի ուսուցչուհին է Արփինե Սարգսյանը։
Միջազգային բեմում Հայաստանի Հանրապետության ու համայնքի պատիվը բարձր պահելու համար Գրիգոր Մինասյանն արժանացել է Մարտունու համայնքապետարանի շնորհակալագրին։
«Բազմաթիվ երկրների պատանի երգիչների միջև անցկացվող ստուգատեսում մեր համայնքի ներկայացուցիչը փայլուն է հանդես եկել՝ արժանանալով առաջին մրցանակի, ու բոլորս հպարտ ենք այդ նվաճումով։ Մասնագետները նրան խոստումնալից ապագա են կանխատեսում»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։