Կրթություն

Հայտնի են «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագրի հաղթողները

4 րոպեի ընթերցում

Հայտնի են «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» մրցույթ-ծրագրի հաղթողները

Ամփոփվեցին «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2025» մրցույթ-ծրագրի արդյունքները. 175 դպրոցներ՝ մարզերից և Երևանից, կստանան սմարթ-էկրաններ: Մրցույթ-ծրագրի երկրորդ փուլ անցած դպրոցները ներկայացրել են նախագծային աշխատանք «Քարտեզագրելով ազգային և (կամ) համաշխարհային ժառանգություն ստեղծած անհատի ուղին» ընդհանուր խորագրով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արդյունքներն ամփոփվեցին նոյեմբերի 25-ին:

 «Այս անգամ ունեինք աննախադեպ քանակությամբ դիմումներ: Սովորողների թիվը հասնում էր 1907-ի: 1907 աշակերտներ Հայաստանի տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից ներգրավված են եղել այս նախագծային աշխատանքներում: 396 ուսուցներ՝ 235 մասնակից դպրոցներից ներգրավված են եղել այս ծրագրում: Սա իսկապես կրթական տոնի է վերածվել մեզ համար: Երբ ստուգում էինք աշխատանքները, հասկացանք, որ առաջընթացն ակնհայտ է, և պետք է ամեն ինչ անենք, որ սա շարունակական լինի»,-ասաց «Վիզուալ Հայաստան» զարգացման հիմնադրամի տնօրեն, «Աշխարհացույց» կրթական հարթակի հեղինակ Հովհաննես Ղազարյանը:

Նա հայտնեց, որ այս գործընթացում բոլորը ձեռք են բերել գիտելիքներ, հաղթող են բոլորը: 

«Սա զուտ սմարթ էկրանների մասին չէ, սա համագործակցության, շարունակական կատարելագործման և համագործակցելու նոր մշակույթի մասին է»,-նշեց Ղազարյանը:

Հովհաննես Ղազարյանը հայտնեց, որ եռապատկել են նախապես պլանավորած դպրոցների թիվը: Այսպիսով 175 դպրոց կստանա սմարթ-էկրան: Սրանով ընդհանուր դպրոցների թիվը հասցնում են 322-ի: 

Նա խոստացավ՝ 2026-ի առաջին եռամսյակում կրկին հայտարարելու են մրցույթի մասին:

«Աշխարհացույց» ծրագրի ղեկավար Արևիկ Ավետիսյանն ընդգծեց, որ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին» 2025թ ծրագիրը համարում են կայացած: «Ունենք մեծ առաջընթաց՝ նախագծային աշխատանքների կազմակերպման և ներկայացման հետ կապված: Մեր վերապատրաստումները տալիս են այն արդյունքը, որին մենք ձգտում ու հավատում ենք»,-ասաց նա:

Ավետիսյանն առանձնացրեց այս տարվա ծրագրի 3 կարևոր ձեռքբերում: Առաջինը՝ նախորդ տարիների համեմատությամբ՝ մասնակցության կտրուկ աճ է գրանցվել: Բացի այդ՝ առաջին անգամ նախագծային աշխատանքները հենց «Աշխարհացույց» կրթական հարթակում հավաքելու և ցուցադրելու հնարավորություն է ընձեռվել թիմերին: Սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ծրագիրը ստացել է երաշխավորություն: 

Ծրագրին այս տարվանից նաև ֆինանսապես աջակցում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը:

Հովնանյան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նշեց, որ հիմնադրամը ֆինանսավորում իրականացնելու համար կարևորում է մի քանի արժեքներ, նաև՝ ծրագրի ազդեցությունը: 

«Վիզուալ Հայաստան»-ի այս ծրագրի շրջանակներում մենք տեսանք մի քանի կարևոր կետեր, որոնք տարբերվում էին ուրիշներից: Սա լոկ նվիրաբերություն չէ: Դուք ընդամենը տեխնիկա չեք նվիրաբերում, դրանից առաջ ու դրանից հետո շատ-շատ աշխատանք է տարվում: Արժեքների մեջ կա բովանդակություն»,-ասաց նա:

Հիմնադրամի ռազմավարական գործընկեր, գլխավոր աջակից «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի նախագահ, բարերար Քրիստին Սիմոնը դիմեց վիդեոուղերձով: Նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին: «Նույնիսկ նրանք, որոնք չեն հաղթի այս շրջափուլում, կարող են վստահ լինել, որ ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ու հմտություններն օգնելու են ապագա հաղթանակներում»,-նշեց նա:

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում