Միացյալ Նահանգներ

Թրամփը մեկնարկում է «Genesis» առաքելությունը՝ խթանելու ԱԲ-ի օգտագործումը գիտական հայտնագործությունների համար

3 րոպեի ընթերցում

Թրամփը մեկնարկում է «Genesis» առաքելությունը՝ խթանելու ԱԲ-ի օգտագործումը գիտական հայտնագործությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ մեկնարկելով «Genesis» առաքելությունը, որի նպատակն է արհեստական ​​բանականությունն (ԱԲ) օգտագործել գիտական ​​հետազոտությունների անցկացման եղանակը վերափոխելու և գիտական ​​հայտնագործությունների արագությունը խթանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Թրամփի հրամանագիրն ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին հանձնարարում է միավորել երկրի ազգային լաբորատորիաների գիտնականներին և տեխնոլոգիաները «հետազոտությունների համար մեկ համագործակցային համակարգում»։

Նախաձեռնության շրջանակում ԱՄՆ գերհամակարգիչները և տվյալների ռեսուրսները կմիավորվեն՝ ստեղծելով «փակ ցիկլով արհեստական բանականության փորձարկման հարթակ»։

Հրամանագրի համաձայն՝ էներգետիկայի նախարարը, գիտության և տեխնոլոգիաների գծով նախագահի օգնականը և արհեստական ​​​​բանականության և կրիպտոարժույթի գծով հատուկ խորհրդականը կհամագործակցեն ակադեմիական աշխարհի և մասնավոր հատվածի նորարարների հետ՝ նախաձեռնությանն աջակցելու և բարելավելու համար։

«Ուշադրության կենտրոնում են մեր ժամանակների ամենամեծ գիտական ​​մարտահրավերները, որոնք կարող են զգալիորեն բարելավել մեր երկրի ազգային, տնտեսական և առողջապահական անվտանգությունը, ներառյալ կենսատեխնոլոգիան, կարևորագույն նյութերը, միջուկային ճեղքումը և ջերմամիջուկային սինթեզի էներգիան, տիեզերքի հետազոտությունը, քվանտային տեղեկատվական գիտությունը, ինչպես նաև կիսահաղորդիչներն ու միկրոէլեկտրոնիկան», - նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահի գիտական գծով ​​խորհրդական Մայքլ Կրաստիոսը լրագրողներին հայտնել է, որ «Genesis» առաքելությունն «Ապոլոն ծրագրից ի վեր դաշնային գիտական ​​ռեսուրսների ամենամեծ հավաքագրումն է»։

Չիպեր արտադրող Nvidia-ն և արհեստական ​​​​բանականության ստարտափ Anthropic-ը հայտարարել են, որ նախաձեռնության շրջանակում համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ։

Նախորդ շաբաթ Թրամփը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել օրենսդրություն՝ ԱԲ-ի համար ազգային ստանդարտ ստեղծելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում