Թվային միջավայրը դարձնել անվտանգ. մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը
10 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արշավի շրջանակում «Միավորենք մեր ջանքերը՝ հանուն անվտանգ թվային միջավայրի» խորագրով միջոցառումը միավորել է ոլորտին առնչվող բոլոր գործընկերներին՝ համատեղ անդրադառնալու թվային տիրույթում սրընթաց զարգացում ապրող բռնության դրսևորումներին, դրանց կանխարգելման ու արձագանքման համար առկա մեխանիզմներին և բացերին։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ՀՀ կառավարությունն այս ուղղությամբ շատ վաղուց արդեն հստակ նպատակ է սահմանել, և այդ նպատակին հասնելու ճանապարհին բավական ձեռքբերումներ ունի։

«Բնականաբար, ախտորոշել ենք տարբեր խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծենք, և ես շատ ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի անընդմեջ նմանատիպ լսարանում ես տեսնում եմ ոչ միայն կանանց և աղջիկների, այլ նաև տղամարդկանց, ինչը ցույց է տալիս մեր համատեղ ձգտումը՝ այս թեմայով զբաղվելու և թեմային շատ ավելի լուրջ վերաբերվելու։
Ես ուրախ եմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնում ունենք SafeYou հավելվածի ինտեգրումը, և սա, ըստ էության, թույլ է տալիս մեզ անմիջականորեն ստանալ այն բոլոր ահազանգերը, որոնք կարող են լինել այս թեմայով։ Մենք վերջապես եկել ենք այն կետին, որ SafeYou հավելվածը պատրաստակամորեն ինտեգրվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին։ Սա ես դիտարկում եմ ոչ թե որպես հարթակի պարզ ինտեգրում, այլ որպես վստահության նոր մակարդակի ձևավորում»,- ասաց նախարարը:
Արփինե Սարգսյանը նշեց՝ նկատել են, որ ընթացիկ տարում հատկապես շատացել են այն դեպքերը, երբ գենդերային բռնության զոհ դարձած անձինք ահազանգը անմիջականորեն փոխանցում են հենց Ոստիկանությանը։
Նախարարի խոսքով՝ սա պարտավորեցնող և դրական միտում է։ Նախարարությունը մեծ ջանք պետք է ներդնի, որպեսզի այս պրակտիկան կայունանա և ապահովի ավելի լավ արդյունքներ։

«Պլատֆորմի համակցումը օպերատիվ կառավարման կենտրոնի հետ թույլ կտա նաև թվային տիրույթում դիտարկել հավելվածի օգտատերերի տվյալները, վերլուծել ահազանգերի բովանդակությունը և դրա հիման վրա որդեգրել նոր մոտեցումներ։ Թվային գործիքները մեզ համար ոչ միայն մարտահրավեր են, այլ նաև հնարավորություն՝ ունենալու ավելի լավ գործիքակազմ՝ դեպքերը գրանցելու և հետևողականորեն լուծելու համար։
Թվային տիրույթում գենդերային բռնության թեման նոր չէ համաշխարհային մակարդակում, բայց կարծում եմ, որ ներպետական մակարդակում դեռ քննարկումների դաշտ ունենք՝ հասկանալու համար, թե ինչ լրացուցիչ լուծումներ ու գործիքակազմ է անհրաժեշտ Հայաստանին՝ անցնելու ավելի տարբերակված մոտեցման»,- ասաց Սարգսյանը:
Արփինե Սարգսյանը հայտնեց ՆԳ նախարարության պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը գործընկերների հետ և իդենտիֆիկացնելու այն բոլոր լավ լուծումները, որոնք կարող են ունենալ պրակտիկայում։
«Պրակտիկայում հաճախ տեսնում ենք, որ մարդիկ չեն ընկալում գենդերային բռնությունն այն ձևով, ինչպես պետք է։ Հարցումն էլ ցույց է տվել, որ մեծ թվով հարցվածներ ընտանեկան կամ գենդերային բռնությունը էական մարտահրավեր չեն համարում։ Սա գալիս է իրազեկվածության պակասից։ Ուստի, անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել այս ուղղությամբ։
Այստեղ շատ կարևոր է նաև, որ թեման բարձրաձայնեն ոչ միայն պետական մարմինները և մասնավորապես Ներքին գործերի նախարարությունը, քանի որ, երբ նախարարությունը խոսում է այս թեմայից, հանրության առաջին ասոցիացիան հանցանքն է, պատասխանատվությունը։ Դա թույլ չի տալիս ազատ քննարկում ծավալել։ Այդ պատճառով ուրախ եմ, որ թեմային անդրադառնում է լայն շրջանակ, ինչը թույլ է տալիս կոլեկտիվ ինտելեկտ ձևավորել և նպաստել ավելի արդյունավետ լուծումներին»,- ասաց ՆԳ նախարարը:
SafeYou հարթակի գործառնական տնօրեն Լիլիթ Շախուլյանն էլ ընդգծեց՝ հարթակի ստեղծման օրվանից իրենց համար շատ կարևոր է եղել խնդրին համապարփակ լուծում տալը, և այդ համապարփակ լուծումը չէր կարող լինել մեկ գործիքի միջոցով։

«Այստեղ պետք է նշեմ, որ բոլոր գործընկեր կառույցների, աջակցման կենտրոնների, հասարակական այլ կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և, մասնավորապես, մեր աջակից Եվրոպական միության դերակատարումը SafeYou-ի զարգացման և ամբողջ աշխարհում տարածման գործում շատ մեծ է։ Եվ հենց ստեղծման օրվանից Ոստիկանության հետ ինտեգրումը մեզ համար եղել է կարևոր առաջնահերթություն: Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ SafeYou-ի նման հարթակը ինստիտուցիոնալ առումով ինտեգրվել է Ոստիկանության հետ։ Մենք այլ երկրներում մեր ճանապարհը հարթելիս՝ միշտ օրինակ ենք բերում Հայաստանի հաջողությունը և պետական մակարդակով ապահովված աջակցությունը»,- նշեց Լիլիթ Շախուլյանը:
Ներկայացնելով հարթակի գործունեությունը՝ նա ընդգծեց՝ SafeYou-ի առանցքային գործառույթը SOS կոճակի միջոցով ահազանգի ուղարկումն է մինչև 7 ուղղություններով։ SafeYou-ի օգտատերերը հնարավորություն ունի հաշված վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հպումով, ուղարկել ահազանգային հաղորդագրություն իր ընտրած մինչև 7 կոնտակտների, այդ թվում՝ Ոստիկանությանը։
«Մեր գործընկեր կառույցները հավելվածի հետադարձ կապի գործառույթի միջոցով նույնպես ստանում են օպերատիվ տեղեկությունները, այդ թվում այն տեղեկությունը, թե արդյոք անձն այդ պահին կարող է հեռախոսով խոսել, թե ոչ։ Պետք է նշեմ, որ այդ հետադարձ կապի գործառույթի միջոցով մենք նաև ուղղորդում ենք անձին դիմել Ոստիկանություն, եթե համակարգը տեսնում է, որ նա Ոստիկանությանը չի նշել որպես իր ահազանգի կոնտակտ։
Եվ ընդամենը հաշված վայրկյանների ընթացքում անվտանգ կապուղիներով թե՛ մեր գործընկեր կառույցները, թե՛ իրենց հարթակները ստանում են ահազանգի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, անձի կողմից մեր համակարգում լրացված տվյալները, այդ թվում՝ կարևոր բաղադրիչ հանդիսացող ձայնագրությունը, որը շատ կարևոր է թե՛ Ոստիկանության, թե՛ ահազանգին արձագանքող պատասխանատու անձանց համար՝ դեպքի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու նպատակով»,- նշեց նա:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նույնպես նշեց, որ կարևոր է այս ուղղությամբ աշխատելը, և շատ հպարտ է, որ մի շարք գործընկերների հետ արդեն երկար ժամանակ է, ինչ իրականացնում են այս աշխատանքները, որի ընթացքում ձևավորվել են հարթակներ, որոնցից մեկը հենց SafeYou-ն է:

«Հարթակն ինտեգրվել է պետական կառավարման համակարգերում, ինչը հրաշալի նորություն է։ Այս հարթակը վերջերս ներկայացվել է մի չափազանց կարևոր հանդիպման շրջանակում՝ Եվրոպական խորհրդարանում, և օգտագործվել է նաև շատ երկրներում, մասնավորապես, գենդերային բռնության դեմ պայքարում։ Պայքարելը ոչ միայն համապատասխան կառույցների կարողությունների օգտագործումն է, այլ նաև թվային գործիքների կիրառումը»,- նշեց Մարագոսը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն էլ հավելեց, որ եթե մի ժամանակ խոսում էին ֆիզիկական, հոգեբանական բռնություններից, ապա այսօր արդեն խոսում են թվային հարթակներում տեղի ունեցող բռնությունների մասին:

«Թվային միջավայրը նոր չէ, բայց դրա դեմ պայքարը նոր է սկսվում։ Միասնական սահմանումներ չկան, ու սա բարդացնում է վիճակագրությունը։ Հարցումները ցույց են տալիս, որ ընտանեկան բռնության ենթարկված կանանց 98 տոկոսը նշել է, որ թվային տեխնոլոգիաների միջոցով էլ են ենթարկվել բռնության։ Սա նշանակում է, որ խնդիրը լայնածավալ է։
Հանրային իրազեկումն էլ բավարար չէ։ 2024-ին հարցվածների գրեթե կեսը տեղյակ չէր թվային անվտանգության մասին։ Անհրաժեշտ է հանրային իրազեկման լայն գործիքակազմ կիրառել»,- նշեց Լուսինե Սարգսյանը:
Նա նշեց, որ վերջին երկու տարում Ոստիկանություն և սոցիալական ծառայություններ դիմելիությունը կրկնակի աճել է.
«Սա չի նշանակում բռնության աճ, այլ՝ վստահության և իրազեկվածության բարձրացում։ Տարեկան մոտ 2000 դեպք է գրանցվում, բայց այս թիվը իրական պատկերը չի ցույց տալիս, քանի որ շատերը ծայրահեղ դեպքում նոր դիմում են»,- մանրամասնեց Լուսինե Սարգսյանը:
Նա նշեց, որ բռնության ենթարկվածների մեծ մասը կանայք են, հետո՝ երեխաները։