Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Երևանի և մարզերի շինարարական հրապարակներ

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել Երևանի և մարզերի շինարարական հրապարակներ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը չնախատեսված այցեր է կատարել Լոռիի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող դպրոցաշինության ծրագրերի շինարարական հրապարակներ։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Լոռիում կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման, կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա եղել է Լեռնակերտի դպրոցի շինարարական հրապարակում։ 144 աշակերտի համար նախատեսված տիպային (մոդուլային) շենքի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Իրականացվում են արտաքին և ներքին հարդարման, բարեկարգման, մասամբ նաև մաքրման աշխատանքներ։

Շրջայցը շարունակվել է Գեղարքունիքի մարզում, որտեղ կոմիտեի ղեկավարը հետևել է «Ներքին Գետաշենի N 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքերի կառուցման ծրագրի ընթացքին։ Մասնաշենքերի հիմնակմախքներն ու տանիքներն արդեն կառուցված են, ընթանում են 6-րդ մասնաշենքի հիմնային հեծանների տեղադրման աշխատանքները։

Եղիազար Վարդանյանը կապալառու ընկերությանը հանձնարարել է արագացնել շինարարության տեմպը թե´ Լեռնակերտի, թե´ Ներքին Գետաշենի դպրոցներում և վերանայել աշխատանքների կազմակերպման սկզբունքը՝ ներգրավելով բավարար չափով աշխատուժ։ 

Հաջորդ կանգառը Շատջրեքի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակն էր։ Նախկին կապալառուի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծվել է՝ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 817-Ա որոշման համաձայն և արդեն ներգրավվել է նոր կապալառու։ Վերջինս պետք է իրականացնի մնացորդային աշխատանքները և ավարտին հասցնի 144 աշակերտի համար նախատեսված տիպային (մոդուլային) շենքի կառուցման ծրագիրը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի հետ այցելել է նաև Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 հիմնական դպրոցի շինարարական հրապարակ։ Դիտարկվել է դպրոցի վերանորոգման աշխատանքների ընթացքը, ուսումնասիրվել են նախատեսվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև քննարկվել ծրագրի իրագործմանն առնչվող այլ հարցեր։ Կոմիտեի նախագահն արձանագրել է, որ շինարարական աշխատանքների տեմպը և որակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են։ Նա տեխնիկական որոշ շտկումներ կատարելու ցուցումներ է տվել, միաժամանակ քննարկվել է նախագծային լուծումներում ճշգրտումներ կատարելու հարցը՝ դպրոցի առկա ենթակառուցվածքները հաշվի առնելով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում