Ռուսաստանը պաշտոնապես տեղեկություն չի ստացել Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք վերջին մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ լրատվամիջոցների հաղորդագրություններին, այդ թվում՝ Ժնևից, բայց դեռևս պաշտոնապես ոչինչ չենք ստացել», - ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ Մոսկվան կսպասի Ժնևում Ուկրաինա-ԱՄՆ խորհրդակցությունների արդյունքներին:
«Մենք կարդացել ենք Ժնևում կայացած քննարկումներից հետո արված հայտարարությունները։ Կսպասենք: Ակնհայտ է, որ երկխոսությունը շարունակվում է։ Շփումները կշարունակվեն», - ասել է նա։
Պեսկովը հայտնել է, որ Կրեմլում արձանագրել են, որ ավելի վաղ Մոսկվային ուղարկված տեքստում «որոշակի ճշգրտումներ են կատարվել», սակայն փոփոխված տարբերակը Մոսկվան դեռ պաշտոնապես չի ստացել:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի շուրջ ռուս-ամերիկյան բանակցություններ այս շաբաթ չեն նախատեսվում: