Գեղարքունիքի մարզում նախապատրաստվում են ճանապարհների ձմեռային սպասարկմանը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը ծանոթացել են մարզում ճանապարհների ձմեռային պահպանություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ընթացքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սպասարկող կազմակերպությունները ձմռան ժամանակահատվածում ճանապարհների ձմեռային պահպանություն և սպասարկում պետք է իրականացնեն 610 կիլոմետր երկարության միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին: Ճանապարհների ձմեռային պահպանության և սպասարկման աշխատանքներում ներգրավված է 7 կազմակերպություն:
Ձմեռային պահպանության ենթակա ճանապարհները սպասարկելու համար պատրաստ է 17 գրեյդեր, 20 կոմբինացված ճանապարհային մեքենա, 21 ձնամաքրող այլ տեխնիկա, 25 բեռնատար մեքենա:
Սպասարկող կազմակերպություններում կուտակվել է շուրջ 9300 խմ ավազ և 293 տոննա աղ: Բոլոր տեղերում արդեն ձևավորվել է հերթապահություն՝ ճանապարհների ձմեռային պահպանության և սպասարկման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար:
«Ուսումնասիրության արդյունքներով՝ ճանապարհների ձմեռային պահպանություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները լիովին պատրաստ են ձմեռային շրջանի մեկնարկին»,-հավաստեցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:
Միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության Ճանապարհների ձմեռային պահպանությունը և սպասարկումը ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին: