Տնտեսություն

Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ղազախստանը տասնյակից ավելի պայմանագրեր են ստորագրելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրները ստորագրելու են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց տնտեսական հարցերին առնչվող մասը բավական կարևոր նշանակություն է ունենալու։ 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է Ղազախստանից, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում եղած լոգիստիկ լուծումները վկայում են այն մասին, որ կա գործակցության մեծ ներուժ։ «Տրանզիտ ներուժը շատ մեծ է և պետք է դա օգտագործվի տնտեսվարողների կողմից։ Փորձելու ենք խթան ապահովել, որ դա տեղի ունենա։ Եթե կա այլընտրանքային ուղի, որով հնարավոր է նոր լոգիստիկ լուծումներ գտնել, ապա դա պետք է արվի։ Այսօր միջազգային առևտրում կարևոր նշանակություն ունեն լոգիստիկ ծախսերը։ Այդ իմաստով Ղազախստանի հետ լոգիստիկ լուծումներ գտնելը շատ մեծ հնարավորություն է տալիս»,-ասաց Մհեր Գրիգորյանը։ 

Փոխվարչապետն ընդգծեց, որ լոգիստիկ նոր լուծումներն անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են թողնում եղած շուկայի գների վրա։ Դա առնվազն զսպում է գների աճը։ Անդրադառնալով TRIPP-ի, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին` Մհեր Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս ընդգծել է` դրանք տարածաշրջանային շատ լուրջ նշանակություն ունեն։ «Երբ մենք այդ նախագծերն ավարտին հասցնենք, կզգաք, թե տարածաշրջանում ինչ ադապտացիաներ են տեղի ունենում լոգիստիկ իմաստով։ Անհնարին է, որ լոգիստիկ մեծ նշանակություն չունենա Խաղաղության խաչմերուկը ռեգիոնալ իմաստով»,-ասաց Մհեր Գրիգորյանը։ 

Նա տեղեկացրեց, որ ղազախ գործընկերների հետ հանդիպման օրակարգում առանցքային են լինելու լոգիստիկ ու առևտրային հարցերը։ Մհեր Գրիգորյանն ընդգծեց, որ Խաղաղության խաչմերուկի շահառու կլինի նաև Ղազախստանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում