ՀՀ նախագահն Ադրբեջանի հետ խաղաղությունն անշրջելի դարձնելու տեսանկյունից կարևորում է վստահության մթնոլորտի ձևավորումը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության առումով շատ կարևոր է երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության փոխադարձ մթնոլորտի ձևավորումը. նախագահը դա ժամանակի հարց է համարում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահը նման կարծիք է արտահայտել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողներին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հանգրվանի պետք է հասնեն Հայաստանն ու Ադրբեջանը, որպեսզի երկու երկրների միջև խաղաղության գործընթացն անշրջելի փաստ դառնա։
«Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ երկու երկրների ու ժողովուրդների միջև փոխադարձ վստահությունը վերականգնվի․ դա ժամանակի հարց է։ Մենք՝ որպես քաղաքական պատասխանատուներ, պետք է իսկապես ապահովենք քաղաքական գործընթացն ու իրավական ձևակերպումները, որպեսզի այսպիսի իրավիճակ ունենանք»,-նշել է Վահագն Խաչատուրյանը։
Նրա խոսքով՝ երկկողմ իրավական գործընթացն արդեն ձևավորված է, քանի որ երկու երկրներն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և այդ գործընթացի վերջնական ավարտը կլինի այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքացիները, ժողովուրդները կարողանան իրենց մեջ հաղթահարել այն բարդությունները, որոնք կան։
«Որևէ մեկը չի կարող ասել, թե դա երբ կլինի․ ես, իհարկե, կուզեմ, որ դա շատ արագ լինի, բայց այդտեղ պետք է ուղղակի երկու երկրների իշխանությունները նպաստավոր պայմաններ ստեղծեն, հնարավորինս շատ շփումների առիթներ ստեղծեն և չվախենան նրանից, որ մի երկրում կարող են որոշ դժգոհողներ լինել։ Ես, ընդունում եմ, որ դրա իրականություն դառնալու մեծ հնարավորությունը կա»,-ընդգծել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի բնորոշմամբ՝ այն խնդիրները, որոնք այսօր կան աշխարհի մակարդակով, բոլոր երկրների համար նույնն են, և այդ խնդիրների լուծումը միասնական ջանքեր է պահանջում։
«Դա կարող է վերաբերել կլիմային, խաղաղությանը, աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական փոփոխություններին, արհեստական բանականությանը և այլն, այդ ամենը կոլեկտիվ աշխատանք է պահանջում։ Սա բոլորն են ընդունում, և այդտեղ մեկուսանալ հնարավոր չէ, իսկ հարևանների հետ աշխատանքներ կատարելն այդ առումով շատ ավելի հեշտ պետք է լինի և շատ ավելի արդյունավետ կարող է լինել»,-շեշտել է Հայաստանի նախագահը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Վրաստանում էր նոյեմբերի 19-ից 20-ը։ Նա Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Շալվա Պապուաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Վրաստան կատարած պաշտոնական այցից վերադառնալիս՝ նախագահ Խաչատուրյանը կանգառ է կատարել Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին, շփումներ ունեցել տեղի բնակիչների հետ։
