Մարզեր

Սևան համայնքը հյուրընկալել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքը հյուրընկալել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի ԾովԵՄ երիտասարդական կենտրոնում հյուրընկալվել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարգե Մարդիսալու-Կահարին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, դեսպանին ընդունել են համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը, «Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանը, երիտասարդական կենտրոնի շահառուները:

2025 թվականի մայիսին «Սևանի տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Էստոնիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհով ԾովԵՄ երիտասարդական կենտրոնում իրականացնում է «Շրջանառու ժառանգություն. սևանյան հուշանվերներ» ծրագիրը: 

Ծրագրի նպատակն է հոգալ շրջակա միջավայրի պաշտպանության մասին, զարգացնել ստեղծագործական ձեռներեցությունը Սևան համայնքի երիտասարդների շրջանում:

Ծրագրի շրջանակներում կենտրոնում ստեղծվել է շրջանառու տնտեսության ուսումնական լաբորատորիա, որտեղ երիտասարդները սովորել և սովորում են պլաստիկ թափոնները վերածել 3D տպագրությամբ արժեքավոր հուշանվերների, որոնք ներկայացնում են համայնքի մշակութային ժառանգության տարբեր տարրեր:

Ծրագրի շնորհիվ համայնքի 12 երիտասարդի տրամադրվել է գործնական հմտություններ պլաստիկի վերամշակման, 3D մոդելավորման և կայուն զբոսաշրջության ոլորտներում:

Դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին ծանոթացել է երիտասարդների աշխատանքներին, երիտասարդական կենտրոնի գործունեությանը, հետագա ծրագրերին, քննարկել  հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանի և դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարի քննարկումները վերաբերել են Սևան համայնքի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում