«Սևան» ազգային պարկի «Ախթամար» տեղամասում շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները
2 րոպեի ընթերցում

«Սևան» ազգային պարկ»-ի «Սևան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները՝ 5 հեկտար տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿի-ից, ծրագրվում է տնկել շուրջ 12.000 տնկի՝ հացենի, թխկի, տանձենի, բարդի և ուռենի։
Ընթացող անտառվերականգնման աշխատանքներին տեղում հետևել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Անտառվերականգնման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերի երկրորդ տասնօրյակի ընթացքում։ Նոյեմբերի 20-ի դրությամբ արդեն տնկվել է շուրջ 9 հազար տնկի։ Ծառատունկը կավարտվի առաջիկա օրերին։
«Աշխատանքները կարևոր ներդրում են տարածքի անտառահատվածների վերականգնման, էկոհամակարգի վերաստեղծման և Սևանի ավազանի բնապահպանական կայունության ամրապնդման գործում։
Անտառային տարածքները կարևոր դեր ունեն հողի էրոզիայի կանխման, ջրային պաշարների կարգավորման և մթնոլորտի մաքրման գործում՝ դառնալով կենսաբանական բազմազանության ապաստարան և բնական ռեսուրսների վերարտադրության մասնակից։
Անտառների պահպանությունն ու վերականգնումը համընդհանուր բնապահպանական առաջնահերթություն է, որի շարունակական իրականացումն ուղղված է կայուն ու առողջ միջավայրի ձևավորմանը՝ հանուն ապագա սերունդների»,-ներկայացրեց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը։