Գավառ համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը
1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքի ղեկավարի և ավագանու ընդունած համապատասխան որոշումներով՝ համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի որոշմամբ արդեն ստեղծվել է մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովը, հաստատվել են հանձնաժողովի լիազորություններն ու աշխատանքային կարգը, առաջարկ-նախագծերի ներկայացման հայտի ձևաթուղթը և նախնական գնահատման չափորոշիչների աղյուսակը, սահմանվել է գործընթացի իրագործման ժամանակացույցը։
«Գավառ համայնքի ավագանին հաստատել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորմամբ ներկայացվող առաջարկների թեմատիկ առաջնահերթությունները՝ կանաչապատման, մարզական, կրթական, մշակութային և երիտասարդական ուղղությունները։ Գավառի համայնքապետարանը բոլոր բնակիչներին հրավիրում է ակտիվ մասնակցելու գործընթացին, նպաստելու համայնքի զարգացմանը և հանրային կարիքների արդյունավետ լուծմանը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։