Մարզեր

Գեղարքունիքի մարզում կատարվել է 13 հազար 365,2 հեկտար աշնանացան

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 13 հազար 365,2 հեկտար աշնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է 13 հազար 365,2 հեկտար աշնանացան ցորենի ցանք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, ներկա դրությամբ աշնանացանի ծավալները Գեղարքունիքում ավելի քան 3 հազար հեկտարով գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը։ 

Կատարված ցանքերի մեծ մասը՝ 9684 հեկտարը, բաժին է ընկնում Վարդենիս համայնքի տնտեսություններին։ Գավառ համայնքում կատարվել է 1578, Սևան համայնքում՝ 665, Մարտունի համայնքում՝ 979,2, Ճամբարակ համայնքում՝ 459 հեկտար աշնանացան ցորենի ցանք։

13 հազար 365,2 հեկտար ցանքերից 8310 հեկտարը ցանվել է պետության կողմից հավաստագրված սերմերով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում։ 

«Ծրագրին դիմած շահառուների թիվն անցնում է 1200-ը։ Իսկ աշնանացանի ծավալների ավելացումը հիմնականում կապված է «Բուսաբուծության աջակցության ծրագրի» ներդրման հետ, ինչը շահագրգռել է բազմաթիվ տնտեսությունների։ Հավելեմ, որ ծրագրին դիմելու դեպքում շահառուն կատարված 1 հեկտար ցանքի համար ստանալու է 80 հազար դրամի փոխհատուցում։ Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի մի տնտեսությունում էլ փորձնական կարգով 1 հեկտար աշնանացան գարի է ցանվել»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում