Ինովացիա

Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ տարբեր մայրցամաքներից հավաքված ամենատաղանդավոր երիտասարդ մասնագետները մրցում են գիտելիքով

3 րոպեի ընթերցում

Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ տարբեր մայրցամաքներից հավաքված ամենատաղանդավոր երիտասարդ մասնագետները մրցում են գիտելիքով

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նոյեմբերի 18-ին Ինժեներական քաղաքում մասնակցել է Միկրոէլեկտրոնիկայի 20-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը։

Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և կազմակերպիչներին օլիմպիադայի 20-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այս մրցույթը երկու տասնամյակ շարունակ վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ոչ միայն մասնակցում է, այլև ձևավորում է համաշխարհային տեխնոլոգիական օրակարգը։

«Օլիմպիադան ձևավորում է միջազգային համագործակցության արժեքավոր միջավայր և զգալի ազդեցություն ունի ոլորտի զարգացման վրա: Հայաստանը դարձել է հարթակ, որտեղ տարբեր մայրցամաքներից հավաքված ամենատաղանդավոր երիտասարդ մասնագետները մրցում են գիտելիքով, գաղափարներով ու նորարարությամբ։ Սա հենց այն միջավայրն է, որտեղ ծնվում են ապագայի ինժեներները, գիտնականներն ու առաջնորդները»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԲՏԱ նախարարի խոսքերն են մեջբերված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Մխիթար Հայրապետյանը հավելելել, որ օլիմպիադայում գրանցած հաջողությունները պարզապես մրցույթի արդյունքներ չեն․ դրանք ներդրում են միկրոէլեկտրոնիկայի զարգացման, նոր գիտելիքների և աշխարհը փոխող տեխնոլոգիաների ստեղծման մեջ։

Միջազգային օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլն անցկացվել է միաժամանակ 20 երկրում՝  ներառելով 1088 ուսանող:  Նրանցից 34-ը, այդ թվում՝ 14 հայ մասնակից, անցել են եզրափակիչ փուլ։ 

Այս տարի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի առաջին մրցանակը ստացել է ԱՄԷ ներկայացուցիչ Ալի Ռամեզանին, որը հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Երկրորդ մրցանակի դափնեկիրներ են ճանաչվել Հայկուշ Պետրոսյանը (Հայաստան) և Մոհամմադ Հասսան Ամոլին (Իրան), իսկ երրորդ մրցանակին են արժանացել Յուրի Տոմաշչյուկը (Ռուսաստան) և Ռաջեշկումառ Ռաջինթանը (Շրի Լանկա)։

Միջոցառման շրջանակում «Լավագույն արդյունք Հայաստանից» մրցանակը շնորհվել է Հարություն Կարապետյանին։

Օլիմպիադան ընդգրկել է ոլորտի առանցքային ուղղությունները՝ թվային և անալոգային ինտեգրալ սխեմաների նախագծում, թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիաներ, ինչպես նաև նախագծման ավտոմատացված միջավայրեր։

Օլիմպիադայի առաջին փուլն անցկացվել է Հայաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բրազիլիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Էկվադորում, Հնդկաստանում, Իսրայելում, Իտալիայում, Իրանում, Լեհաստանում, Լիբանանում, Հորդանանում, Շրի Լանկայում, Պորտուգալիայում, Պերուում, Ռուսաստանում, Վիետնամում և Ֆրանսիայում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում